HAYUHI: online magazine for armenian women HAYUHI: online magazine for armenian women
 

 
 

ԿՆՈՋ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ / ԴԵԿՏԵՄԲԵՐ 2008

 
 

ՀԱՅՄՈՐԻՏ


Հայմորիտը հայմորյան խոռոչների բորբոքային հիվանդություն է, որն արտահայտվում է քթային ուժգին արտահոսքով և ուժեղ գլխացավերով:

Հիվանդությունը հիմնականում զարգանում է հաճախակի առաջացող, անբավարար բուժված հարբուխների հետևանքով:

Առաջացման գլխավոր պատճառը վարակն է: Վարակը կարող է մուտք գործել շնչառական ուղիներ ինչպես օդակաթիլային ճանապարհով, այնպես էլ ատամների ու բերանի խոռոչի մի շարք հիվանդությունների դեպքում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ժամանակին ու հիմնովին բուժել և օդակաթիլային վարակները, և բերանի խոռոչի, մասնավորապես` ատամների հիվանդությունները:

Հայմորիտը կարող է լինել սուր և քրոնիկ: Ընդ որում, քրոնիկ հայմորիտն առաջանում է սուր հայմորիտը ոչ բավարար բուժելու արդյունքում:

Քրոնիկ հայմորիտ

Քրոնիկ հայմորիտը բարդ ու դժվար բուժվող հիվանդություն է:

Բժիշկների համաշխարհային ասոցիացիայի տվյալներով ծանր ու դժվարությամբ բուժման ենթարկվող հիվանդությունների շարքում քրոնիկ հայմորիտը զբաղեցնում է հինգերորդ տեղը այնպիսի հիվանդություններից հետո, ինչպիսիք են քաղցկեղը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, գլաուկոման և թմրամոլությունը:

Վերջին տվյալների համաձայն հայմորիտի առավել հաճախակի հանդիպող բարդություններ են հանդիսանում հայմորյան խոռոչների ուռուցքը, մինինգիտը և այլն:

Հայմորիտի ախտանշաններն են.

- գլխացավը,

- արտահայտված քթային արտադրությունը,

- ձայնի խռպոտությունը,

- ջերմաստիճանի բարձրացումը,

- քթի ու հարակից խոռոչներում ծանրության զգացումը գլուխն իջեցնելու ժամանակ:

Բուժման ժամանակակից մեթոդները

Հայմորիտի բուժումն իրականացվում է ինչպես դեղորայքային, այնպես էլ համակցվող բուսական միջոցներով:

Դեղորայքային բուժման հիմնական բաղադրիչներն են.

- հակաբիոտիկները, որոնք կիրառվում են ինչպես քթային կաթիլների, այնպես էլ խմելու և սրսկումների ձևով` նպատակ հետապնդելով վերացնել վարակի օջախը,

- ֆիզիոպրոցեդուրները, այդ թվում` ուլտրահզոր հաճախականության ալիքները, որոնց կիրառման նպատակն է քթի ու հարակից խոռոչների տաքացման արդյունքում դրանցում պարունակվող հեղուկի չորացումը,

- քթի խոռոչի լվացումը, որն իրականացվում է հատուկ հակաբակտերիալ միջոցներով և զուգորդվում է լորձի դուրսբերումով,

- քթի և հարակից խոռոչների լվացումը վիրահատական միջամտությամբ:

Հայմորիտի դեմ հնարավոր է պայքարել նաև մի շարք դեղաբույսերի օգնությամբ: Մասնավորապես, պարբերաբար իրականացնելու դեպքում շատ օգտակար կարող են լինել հետևյալ ինհալացիաներն ու լվացումները.

- Պրոպոլիսը եռացնել ջրում և ստացված թուրմով 10-15 րոպե տևողությամբ ինհալացիա կատարել:

- Մենթոլը լուծել ջրում, եռացնել ու 10-15 րոպե տևողությամբ ինհալացիա կատարել:

- Կարտոֆիլը եռացնել ջրում և արգանակով 10-15 րոպե ինհալացիա կատարել:

- Կալիումի պերմանգանատով (մարգանցովկա) և յոդով լվացում: Մեկ բաժակ եռացրած ջրում լուծել կալիումի պերմանգանատն ու յոդի կաթիլը, ստացված հեղուկով օրական երեք անգամ քթի խոռոչի լվացում կատարել:

10 խորհուրդ հայմորիտից խուսափելու համար

1. Պաշտպանեք ձեզ մրսելուց ու սառելուց: Գրիպի ու շնչառական այլ էպիդեմիաների ժամանակ անպայման օգտագործեք դիմակներ:

2. Աշխատեք ձեր իմունիտետի բարձրացման ուղղությամբ: Հաճախակի զբոսանքներ կատարեք, զբաղվեք սպորտով, վիտամիններ ընդունեք, երբեք մի չարաշահեք ալկոհոլը, քանի որ այն թուլացնում է իմունիտետն ու նպաստում, որ վարակը հեշտությամբ մուտք գործի օրգանիզմ:

3. Հնարավորին չափ խուսափեք դեպրեսիաներից: Ապացուցված է, որ հոգեբանական խաթարումները նպաստում են հայմորիտի սրացումների հավանականության զգալի բարձրացմանը:

4. Ժամանակին բուժեք սուր հայմորիտը: Հայմորիտի սրացումները երբեմն ինքնաբերաբար անցնում են, սակայն ոչ լիարժեք բուժված սուր հայմորիտը կարող է շատ լուրջ և ծանր բարդությունների տեղիք տալ:

5. Մի կիրառեք հակաբիոտիկներ առանց բժշկի նշանակումների: Հակաբիոտիկները կարող են լրջորեն վնասել աղիների ու լյարդի գործառնությանը:

6. Խուսափեք ինքնաբուժմամբ զբաղվելուց: Բժիշկը միշտ իրազեկ է հիվանդությունների բուժման նորագույն մեթոդներին: Մի վախեցեք և մի խուսափեք այցելել բժշկի, եթե սրացումները ձեզ մոտ շատ հաճախակի են: Նույնիսկ եթե նախընտրում եք բուժվել ժողովրդական մեթոդներով, միևնույն է, բժկի խորհուրդը միշտ օգտակար և տեղին կլինի:

7. Երբեք խնայողություններ մի արեք, եթե խոսքը վերաբերում է առողջությանը: Եթե դեղորայք է նշանակվել, ուրեմն անհրաժեշտ է այն գնել և օգտագործել: Միշտ հիշեք, որ առողջությունն անուշադրության մատնելու դեպքում հետո ավելի մեծ ծախսերի առաջ եք կանգնելու, և դա միանշանակ է:

8. Մի վախեցեք, թե կարող եք վարակել շրջապատին: Գործնականորեն ապացուցված է, որ հայմորիտի դեպքում վարակը մի մարդուց մյուսին չի փոխանցվում:

9. Մի տրամադրեք ձեզ հիվանդության հանդեպ: Շատ հաճախ հիվանդության հենց սկզբից հիվանդն իրեն սկսում է տրամադրել, որ իր մոտ սրացումներ են սկսվելու: Նման վիճակը միմիայն վնասում է հիվանդին:

10. Փորձեք ժամանակին բուժել քրոնիկ հայմորիտը: Եթե նույնիսկ գործը հասել է քրոնիկ հայմորիտին, ապա գոնե փորձեք խուսափել հետագա բարդացումներից, որոնց մասին վերը խոսվեց: Թույլ մի տվեք, որ հիվանդությունը կլանի ձեզ:

Եղեք առողջ!

_____________________________

Հեղինակ` Վարդինե Սահակյան

 
 

Թեման քննարկել ֆորումում

 

  ՄԵՆՅՈՒ

  Կնոջ առողջությունը
  Հմայքի գաղտնիքները
  Նորաձևության միտումները
  Օգտակար է իմանալ
  Աստղերի կյանքը
  Կին առեղծված
  Մայր և մանկիկ
  Փոքրիկներին
  Խոհանոց
  Հորոսկոպ
  Թեստ
  Մրցույթներ
  Ձեր հարցերի պատասխանները
  Ֆորում
  Հղումներ
  Արխիվ
  Հետադարձ կապ
 

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ

ԳՐԵՔ ՄԵԶ

 

Ամսագրում զետեղված հոդվածների և նյութերի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ:

 

Copyright © HAYUHI, 2006-2008

Designed by: AniArtDesign