HAYUHI: online magazine for armenian women HAYUHI: online magazine for armenian women
 

 
 

ԿՆՈՋ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ / 2008 ՆՈՅԵՄԲԵՐ

 
 

ՄԱՇԿ, ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Առողջ մաշկ ունենալու առաջին նախապայմանը մաշկի մաքրության պահպանումն է:

Պայմանականորեն մաշկային հիվանդությունների առաջացման պատճառները բաժանվում են երկու խմբերի` արտաքին և ներքին:

Մաշկային հիվանդությունների առաջացման արտաքին պատճառներն են.

- ախտածին մանրէները, որոնք մաշկ են ներթափանցում արտաքին աշխարհից և կարող են պատճառ դառնալ մի շարք թարախային բնույթ կրող մաշկային հիվանդությունների,

- բուսական մակաբույծները, կամ, ինչպես ընդունված է ասել, պարազիտները և ախտածին սնկերը,

- կենդանական մակաբույծները կամ պարազիտները,

- մաշկի վրա մեխանիկական ներգործությունը, քերծվածքները, սալջարդը,

- ջերմային գործոնները, որոնց ազդեցությամբ հիմնականում առաջանում են ցրտահարություններ և այրվածքներ,

- քիմիական նյութերը (հիմքեր, թթուներ, աղեր, ներկեր և այլն):

Մաշկային հիվանդությունների առաջացման ներքին պատճառներն են.

- նյութափոխանակության խանգարումը, որն անմիջականորեն կարող է ազդել մաշկի նորմալ կառուցվածքի ու գործունեության վրա,

- ներքին սեկրեցիայի գեղձերի գործունեության խանգարումը, ինչպես օրինակ` շաքարային դիաբետի ժամանակ ենթաստամոքսային գեղձի սեկրեցիայի ոչ նորմալ գործառնության արդյունքում խախտվում է մաշկի նորմալ գործունեության հավասարակշռությունը,

- ներքին օրգանների հիվանդությունները, օրինակ` շատ հաճախ մաշկի հիվանդությունների, բշտիկների առաջացում կարող է դիտվել լյարդի կամ աղիների ախտահարումների դեպքում,

- ավիտամինոզը, այսինքն` տարբեր վիտամինների պակասն օրգանիզմում,

- գրգռող սննդի չարաշահումը, հիմնականում խոսքը գնում է սուրճի, մուգ թեյի, կծու, թթու, շատ աղի սննդի մասին,

- ալերգիկ վիճակը, մաշկի զգայունության խիստ բարձրացումը:

Հիմնական մաշկային հիվանդությունները

Մաշկային հիվանդությունները բազմաթիվ են, սակայն դրանց շարքում կան որոշ հիվանդություններ, որոնք առավել հաճախ են հանդիպում:

Այդպիսիք են, օրինակ, մաշկի թարախային հիվանդությունները: Դրանց առաջացման հիմնական պատճառ են հանդիսանում ստաֆիլա-ստրեպտոկոկերը: Կոկերն ընդհանրապես շատ մեծ քանակով գտնվում են արտաքին աշխարհում և շատ հեշտությամբ կարող են ներթափանցել մաշկ` առաջացնելով տարբեր ախտահարումներ: Որքան հաճախ է լվացվում մարդը և փոխում հագուստը, այնքան կոկերն ավելի քիչ են հայտնվում և մնում մաշկի վրա:

Բավականաչափ տարածված են նաև մաշկի սնկային հիվանդությունները, որոնք հիմնականում առաջանում են բուսական ծագում ունեցող սնկերից և կենդանական պարազիտներից: Այս հիվանդությունների դեպքում առավել տհաճ ու հաճախակի հանդիպող երևույթը քորն է, որը դրսևորվում է կարմրավուն բծերի առաջացմամբ: Կախված քորի աստիճանից` մաշկի վրա կարող են առաջ գալ նաև բշտիկներ, այտուցվածություն, արյունազեղումներ: Չբուժելու դեպքում քորը կարող է տևել երկար ամիսներ, և որպես բարդություն` կարող են առաջանալ նույնիսկ էկզեմաներ:

Մաշկի ախտահարումների հաջորդ տեսակը մաշկագեղձերի հիվանդություններն են: Սեբորեան կամ ճարպազատումը ի հայտ է գալիս ճարպային գեղձերի արտադրության ակտիվացման հաշվին: Մաշկի մազածածկ հատվածներում այն կարող է հանգեցնել մազաթափության: Ճարպազեղումը հիվանդություն է, որն առավել հաճախ առաջանում է երիտասարդ տարիքում: Ճարպազեղումները տեղակայվում են հիմնականում դեմքի, պարանոցի, մեջքի շրջանում, թիակների հատվածում կամ դրանց միջև: Նշված մասերում առաջանում են հանգույցներ, որոնք սկզբնական շրջանում կարմիր գույն ունեն, իսկ հետագայում վերածվում են ճարպային գնդիկների` կենտրենում սև կետով: Լավանալուց հետո, որպես կանոն, այս ճարպային գնդիկների տեղում հետք է մնում:

Մաշկային հիվանդությունների շարքին են դասվում նաև քրտնագեղձերի հիվանդությունները: Բարձր քրտնարտադրությունը` հիպերհիդրոզը, կարող է ի հայտ գալ սթրեսների արդյունքում: Ուժեղ արտահայտված հիպերհիդրոզը հիգիենայի կանոնների չպահպանման դեպքում ուղեկցվում է նաև տհաճ հոտով: Ավելի հազվադեպ, բայց հանդիպում է նաև քրտնարտադրության թուլացում, որը մեծ մասամբ հանգեցնում է օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև ջերմակարգավորման խախտման:

Մաշկային հիվանդությունների բուժման ժամանակ հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ դրանք իրենցից ներկայացնում են ընդհանուր օրգանիզմի հիվանդություններ, և պատճառի վերացումը կարևորագույն նշանակություն ունի հիվանդության հիմնովին բուժման համար:

Այսպիսով.

Մաշկը մարդու մարմնի արտաքին ծածկույթն է և սահման է հանդիսանում մարդու օրգանիզմի ու արտաքին միջավայրի միջև: Այն մարդուն պաշտպանում է արտաքին անբարենպաստ ազդակներից:

Մաշկային հիվանդությունները միշտ պետք է դիտարկել որպես օրգանիզմի որևէ խորքային հիվանդության դրսևորում, որն իր հերթին կարող է ազդել օրգանիզմի նորմալ գործառնության վրա` բերելով օրգան համակարգերի բնականոն գործունեության խախտումների:

Մաշկային հիվանդությունների բուժման հիմնական ուղղությունը պետք է լինի կանխարգելումը և ճշգրիտ ախտորոշումը:

Առողջ մաշկ ունենալու հիմնական գրավականը մաշկի մաքրության պահպանումն է, ինչպես նաև` ֆիզկուլտուրայով զբաղվելը, ակտիվ կենսակերպը, մաքուր օդում շատ մնալը, այսինքն` առհասարակ առողջ ապրելակերպը:

_____________________________

Հեղինակ` Վարդինե Սահակյան

 
 

Թեման քննարկել ֆորումում

 

  ՄԵՆՅՈՒ

  Կնոջ առողջությունը
  Հմայքի գաղտնիքները
  Նորաձևության միտումները
  Օգտակար է իմանալ
  Աստղերի կյանքը
  Կին առեղծված
  Մայր և մանկիկ
  Փոքրիկներին
  Խոհանոց
  Հորոսկոպ
  Թեստ
  Մրցույթներ
  Ձեր հարցերի պատասխանները
  Ֆորում
  Հղումներ
  Արխիվ
  Հետադարձ կապ
 

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ

ԳՐԵՔ ՄԵԶ

 

Ամսագրում զետեղված հոդվածների և նյութերի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ:

 

Copyright © HAYUHI, 2006-2008

Designed by: AniArtDesign