HAYUHI: online magazine for armenian women HAYUHI: online magazine for armenian women
 

 
 

ՕԳՏԱԿԱՐ Է ԻՄԱՆԱԼ / ԴԵԿՏԵՄԲԵՐ 2008

 
 

ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԽՈՒՄԱՐԸ


Տիկնայք, առջևում Ամանորն է, և բոլորիս սպասվում է գլխապտույտ առաջացնող երթը անհաշիվ տներով, որոնցից յուրաքանչյուրում եթե գեթ մի բաժակ էլ ալկոհոլ խմվի` որպես հարգանքի նշան, տանտիրոջը շնորհավորելու համար, ապա երեկոյան տունդարձի ժամանակ այդ բաժակների գումարը կկազմի... անհաշիվ ինչ-որ մի բան, դժվար է ասել... Այնպես որ զինվեք համբերությամբ ու որոշ գիտելիքներով, որպեսզի կարողանաք ժամանակին ու ճիշտ պայքարել խումարի դեմ ու փրկել ձեր ամուսինների տոնական տրամադրությունը:

Ինչից է առաջանում

Բժշկության մեջ խումարն անվանում են շատ հնչեղ ու գեղեցիկ գիտաբառով` աբստինենտային սինդրոմ: Ինչևէ, երևույթի բուն էությունը դրանից անկասկած չի փոխվում:

Քրոնիկ ալկոհոլիկներին խումարը տանջում է անդադար: Գլխացավ, դող, ստամոքսի թուլացում, ձեռքերի դող, դեպրեսիա, սրտխփոցներ և այլն` ահա աբստինենտային սինդրոմի տիպիկ նշանները:

Ու մինչև ալկոհոլիկը մի բաժակ չկոնծի, այս երևույթները չեն անցնի: Սակայն նորմալ մարդու դեպքում, որը միայն առիթից առիթ է սպիրտային խմիչք գործածում, խումար առաջանում է հետևյալ դեպքերում.

- անորակ ալկոհոլային խմիչքներից, որոնցում վնասակար խառնուրդների պարունակությունը գերազանցում է նորման,

- ալկոհոլային խմիչքների չարաշահումից,

- առանց ուտելու, դատարկ ստամոքսով ալկոհոլ գործածելու դեպքում,

- տարբեր սպիրտային խմիչքներ խառնելու դեպքում, ինչպես օրինակ` գարեջուր և օղի, շամպայն և օղի և այլն:

- ալկոհոլի և որոշ դեղորայքի համաժամանակ գործածման պարագայում:

Խումարից խուսափելու համար, անշուշտ, առաջին հերթին հարկավոր է ամեն ինչում չափը ճանաչել:

Համարվում է, որ մարդու համար ալկոհոլի գործածման առավելագույն թույլատրելի նորման, որը չի վնասում առողջությունը, կազմում է մարմնի զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի հաշվով 68 մլ` ոչ պակաս, քան 3-4 ժամվա ընթացքում:

Ինչպես է առաջանում

Բերանի խոռոչում ներծծվում է մինչև 5% սպիրտ, ևս մոտ 25% ներծծվում է ստամոքսում, իսկ մնացած մասը աղիներից անցնում է արյան մեջ: Հետևաբար խմելու ընթացքում կարգին ուտելու դեպքում հարբածությունը, որպես կանոն, պակաս ակնհայտ է լինում, և հաջորդ առավոտյան չեն տանջում խումարի տհաճ զգացողությունները:

Ալկոհոլի ներծծմանը ամենից լավ խոչընդոտում են կարտոֆիլը, միսը (հատկապես` խոզի միսը) և բարձր յուղայնություն ունեցող բոլոր մթերքները:

Արժե արդյոք օղու հետ մի փոքր ջուր կամ հյութ խմել? Այս հարցի շուրջ միասնական կարծիք չկա, քանի որ յուրաքանչյուր մարդու օրգանիզմը անհատական է: Եվ ամեն դեպքում, մարդկանց մեծամասնությունը ավելի դանդաղ է հարբում, եթե խմելու ընթացքում գործածում է մեծ քանակությամբ հեղուկներ: Ալկոհոլի ներծծման արագությունը ուղիղ համեմատական է սպիրտի կոնցետրացիային. որքան մեծ քանակությամբ հեղուկ է մուտք գործում ստամոքս-աղիքային համակարգ, և որքան փոքր է դրանում սպիրտի կոնցետրացիան, այնքան ավելի թեթև կլինի հարբածությունը:

Անթույլատրելի է ալկոհոլի գործածումը դեղորայքի հետ համատեղ: Օրինակ, սպիրտային խմիչքի հետ կլոֆելինի զուգակցումը անմիջապես զարկերակային ճնշման անկում է առաջացնում: Այս հնարքը շատ հաճախ կիրառում են բանտարկյալները: Կարճ ասած, եթե դեղորայք եք գործածել, ապա ավելի լավ է խուսափեք սպիրտայինից:

Բոլոր ալկոհոլային խմիչքները հացօղու խառնուրդներ և զանազան սպիրտեր են պարունակում: Հենց դրանց համադրությունն է, որ գինուն անկրկնելի համային փունջ է հաղորդում: Սակայն հենց դրանք էլ թուլացնում են ստամոքսի լորձաթաղանթի հատկությունները, այդ իսկ պատճառով էլ աշխատեք երբեք չխառնել տարբեր տեսակի սպիրտային խմիչքները:

Ինչ է լինում հետո

Խումարի ամենատարածված ախտանիշը գլխացավն է: Ինչու? Նախ և առաջ, սպիրտը, ինչպես նաև` թունավոր խառնուրդները, որոնք անխուսափելիորեն առկա են ցանկացած, նույնիսկ` ամենամաքուր, սպիրտային խմիչքի բաղադրության մեջ, վնասում են նյարդային համակարգը: Երկրորդ, գլխուղեղի թունավորված բջիջները առաջ են բերում այտուցվածություն և ներգանգային ճնշման բարձրացում: Ահա և գլխացավի պատճառը:

Դրանից բացի, ալկոհոլը խախտում է նաև էլեկտրոլիտային և թթվային բալանսը և խիստ ջրազրկում է օրգանիզմը: Խումարային ծարավը երևի բոլորին էլ ծանոթ է: Բանն այն է, որ ալկոհոլը ջուրը քաշող ուժեղ հատկություն ունի: Խմելուց հետո հաջորդ առավոտյան օրգանիզմում հեղուկի դեֆիցիտը հասնում է 1,3-1,5 լիտրի: Եվ վերականգնողական պրոցեդուրները հարկավոր է սկսել հենց ծարավը հագեցնելուց:

Սրտխառնոցից խուսափելու համար հեղուկը պետք է գործածել ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար, հավասարաչափ` առաջին 1-1,5 ժամվա ընթացքում մոտ 1,5 լիտր: Այդքանը, որպես կանոն, բավարար է լինում օրգանիզմում տոքսինների բաղադրությունը նվազեցնելու համար: Միաժամանակ, վնասակար նյութերն օրգանիզմից դուրս են մղվում նաև մեզի միջոցով:

Հեղուկի պակասը լրացնելուց հետո հարկ է մտածել էլեկտրոլիտների կորուստը լրացնելու մասին: Կալիում, նատրիում, մագնիում, ֆոսֆոր: Այս նյութերով հարուստ են թթու վարունգն ու կաղամբը, հացով կվասը: Շատ ավելի արդյունավետ կլինեն պանանգինն ու ասպարկամը: Այս դեղամիջոցները մեծ քանակությամբ կալիում են պարունակում: 2-3 դեղահաբի գործածումը թերևս բավարար կլինի:

Էլեկտրոլիտները մտնում են արյան պլազմայի բաղադրության մեջ և մեծապես պատասխանատու են մարդու մտավոր և ֆիզիկական գործունեության համար: Դրանց պակասի լրացումը օգնում է կանոնավորել սրտի աշխատանքն ու նյարդային համակարգի գործունեությունը, ձերբազատում է մկանային թուլությունից, սրտխփոցներից, դողից և այլն:

Ալկոհոլի չարաշահումը բերում է նրան, որ օրգանիզմում կուտակվում են մեծ թվով թունավոր օրգանական միացություններ: Առաջանում են սրտխառնոց, քրտնարտադրություն, թուլություն: Այսպիսի վիճակը կոչվում է ացիդոզ:

Խումարի ժամանակ մարդու մոտ հանքային ջրի ընդունման խիստ ցանկություն է առաջանում, և դա պատահականություն չէ: Դրանով օրգանիզմը փորձում է ձերբազատվել վերոնշյալ թունավոր միացություններից: Օրվա ընթացքում ընդունեք 0,5-1 լիտր հանքային ջուր, և ացիդոզի հետքն էլ չի մնա:

Ալկոհոլը նաև վնասում է օրգանիզմում առկա վիտամինները: Խումարի ժամանակ հատկապես կարևոր է C վիտամինի պաշարի լրացումը: Այն շատ ակտիվորեն միացնում, ապա` չեզոքացնում է տոքսինները: Ընդունեք ասկորբինաթթվի մի քանի հաբ կամ դրաժե:

Ամեն դեպքում, խումարի դեմ պայքարի թերևս ամենաարդյունավետ միջոցը բաղնիքն է կամ էլ սաունան: Երկու դեպքում էլ առաջանում է ուժգին քրտնարտադրություն, իսկ քրտնքի հետ օրգանիզմից դուրս են գալիս նաև տոքսինները: Խորհուրդ չի տրվում միայն ռուսական շոգեբաղնիքը, որը կարող է չափից ավելի մեծ ճնշում գործել սիրտ-անոթային համակարգի վրա: Ճիշտ է, ավելի փոքր արդյունավետությամբ, բայց կօգնի նաև սովորական տաք ցնցուղը, հատկապես եթե այն զուգորդվի հիդրոմերսումով, որը արագացնում է օրգանիզմի նյութափոխանակության և քրտնարտադրության պրոցեսները:

Իսկ այն, որ խումարից փրկում է մի բաժակ օղին, վտանգավոր մոլորություն է: Աբստինենտային սինդրոմի վերացման այս միջոցը կարող է օգնել միայն ալկոհոլիկներին: Որևէ այլ միջոց նրանց արդեն դժվար թե օգնի...

Խումարից դուրս գալու համառոտ բանաձևը

1. Հեղուկի պաշարի վերականգնում: Առաջին 2 ժամվա ընթացքում հարկավոր է ընդունել մինչև 1,5 լիտր ցանկացած տեսակի հեղուկ, բացի սինթետիկ գազավորված խառնուրդներից: Հաջորդ քայլը միզամուղ որևէ եփուկի կամ համապատասխան դեղամիջոցի ընդունումն է: Ի դեպ, միզամուղ հատկություն ունեն նաև մուգ թեյն ու սուրճը: Օրվա ընթացքում հարկավոր է հնարավորին չափ շատ հեղուկներ գործածել:

2. Թթվային բալանսի վերականգնում: Առաջին 1-2 ժամվա ընթացքում հարկավոր է ընդունել 3-5 գր ջրում լուծված կերակրի սոդա, ապա` այլ հեղուկների շարքում ներառել նաև հանքային ջրեր:

3. էլեկտրոլիտների պաշարի լրացում: Առաջին 2-3 ժամվա ընթացքում հարկավոր է ընդունել ասպարկամի կամ պանանգինի 2-3 հաբ` ջրում լուծված վիճակում: Սննդակարգում հարկավոր է ներառել կալիումով, ֆոսֆորով և մագնիումով հարուստ մթերքներ, ինչպիսիք են` ծովամթերքները, ձուկը, չիրը: Նշված դեղահաբերի բացակայության դեպքում կարելի է ընդունել թթու վարունգի ջուրը, թթու կաղամբ, կերակրի աղի լուծույթ` 100 գր ջրում 3-4 գր աղ:

4. Բաղնիք կամ այլ հիդրոպրոցեդուրներ:

Բոլոր վերը նշված քայլերն անելուց հետո ցանկալի է.

1. կուշտ նախաճաշել (ոչ յուղոտ միս, կարտոֆիլ, բանջարեղեն, կաթնաթթվային մթերքներ),

2. ընդունել պոլիվիտամինային պրեպարատներ, ասկորբինաթթու, ողջ օրվա ընթացքում շաքարավազի փոխարեն գործածել մեղր,

3. ընդունել նյարդային համակարգի գործունեությունը բարելավող գլիցինի 1-2 հաբ,

4. 1-2 ժամ քնել,

5. օրվա ընթացքում խուսափել ծանր ֆիզիկական վարժություններից և ակտիվորեն սպորտով զբաղվելուց:

____________________________

Աղբյուրը` www.samogonochka.ru

 
 

Թեման քննարկել ֆորումում

 

  ՄԵՆՅՈՒ

  Կնոջ առողջությունը
  Հմայքի գաղտնիքները
  Նորաձևության միտումները
  Օգտակար է իմանալ
  Աստղերի կյանքը
  Կին առեղծված
  Մայր և մանկիկ
  Փոքրիկներին
  Խոհանոց
  Հորոսկոպ
  Թեստ
  Մրցույթներ
  Ձեր հարցերի պատասխանները
  Ֆորում
  Հղումներ
  Արխիվ
  Հետադարձ կապ
 

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ

ԳՐԵՔ ՄԵԶ

 

Ամսագրում զետեղված հոդվածների և նյութերի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ:

 

Copyright © HAYUHI, 2006-2008

Designed by: AniArtDesign