HAYUHI: online magazine for armenian women HAYUHI: online magazine for armenian women
 

 
 

ՕԳՏԱԿԱՐ Է ԻՄԱՆԱԼ / 2009 ՆՈՅԵՄԲԵՐ

 
 

ԿԱՐՏՈՖԻԼ: ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՄԵՂ, ԱՅԼ ՆԱԵՎ ՕԳՏԱԿԱՐ


Արդեն շատ վաղուց կարտոֆիլը մեր բոլորիս սննդակարգի անբաժան ու սիրելի մասն է կազմում: Բայց գիտեք արդյոք, որ բացի համային հատկություններից, այն նաև բազմաթիվ այլ օգտակար հատկություններ ունի?

Կարտոֆիլի կշռի մոտ 20-25%-ը կազմում են ածխաջրերը (կարտոֆիլային կրախմալը), մոտ 2%-ը` սպիտակուցները, 0,3%-ը` ճարպերը: Այն հարուստ է կալիումով, ֆոսֆորով, պարունակում է բավականաչափ մագնիում, կալցիում և երկաթ: Կարտոֆիլի բաղադրության մեջ հայտնաբերվել են նաև մի շարք վիտամիններ` C, B, B2, B6, B PP, D, K, E, ֆոլիաթթու, կարոտին և տարբեր օրգանական թթուներ:

Կալիումի շնորհիվ կարտոֆիլը նպաստում է օրգանիզմից հեղուկի և կերակրի աղի արտամղմանը, ինչը զգալիորեն նպաստում է նյութափոխանակության բարելավմանը: Կալիումով հատկապես հարուստ է կեղևով շոգեխաշած կարտոֆիլը: Եփելու այս տարբերակը թույլ է տալիս լավագույն ձևով պահպանել կարտոֆիլի (և ոչ միայն) օգտակարությունը: Շատ դեպքերում շոգեխաշած կարտոֆիլը բժիշկների կողմից ցուցվում է նրանց, ովքեր ունեն հիպերտոնիա, աթերոսկլերոզ, սրտային անբավարարություն:

Միևնույն ժամանակ, կարտոֆիլը շատ կարևոր դեր է խաղում բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների դեմ պայքարում: Նրանում եղած կրախմալը ծածկող, հակաբորբոքային ազդեցություն է ունենում այս հիվանդությունների դեպքում: Շոգեխաշած կարտոֆիլը հակացուցված չէ նույնիսկ ծանր թունավորումների դեպքում:

Չնայած այս ամենին` կարտոֆիլի չափից ավելի օգտագործումը ցանկալի չէ, քանի որ նրանում եղած կրախմալը մաքուր վիճակում չի յուրացվում մեր օրգանիզմի կողմից: Բացի այդ, կարտոֆիլը 2-3 անգամ ավելի կալորիական է, քան մյուս բանջարեղենային կուլտուրաները, քանի որ մեծ քանակությամբ ածխաջրեր է պարունակում: Հենց դա է պատճառը, որ գիրության հակում ունեցողները փորձում են սահմանափակել կարտոֆիլի օգտագործումն իրենց սննդակարգում: Ցանկացած դեպքում, դիետոլոգները խորհուրդ են տալիս շաբաթական 3-4 անգամից ավել կարտոֆիլ չօգտագործել: Բոլորս էլ գիտենք, որ չափն անցնելը ցանկացած պարագայում վատ է:

Կոնկրետ կիրառությունները

Սրտի գործառնության խաթարումների դեպքում օրական 3 անգամ քաղցած վիճակում (այդ թվում` ճաշից և ընթրիքից առաջ) խմեք 100-ական գրամ կարտոֆիլի հյութ: Շարունակեք 3 շաբաթ, հետո 1 շաբաթյա ընդմիջում արեք, և կարող եք կուրսը կրկնել:

Ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների (բարձր թթվայնությամբ գաստրիտ, խոց, փորկապություն) դեպքում ամեն առավոտ քաղցած վիճակում խմեք 1 բաժակ հում կարտոֆիլի հյութ: Խմելուց հետո կարևոր է կես ժամ պառկել, իսկ նախաճաշել կարելի է հյութը խմելուց 1 ժամ հետո: Շարունակեք 10 օր, ապա տասնօրյա ընդմիջում կատարեք, և անհրաժեշտության դեպքում կարող եք կուրսը կրկնել:

Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի դեպքում հարկավոր է կարտոֆիլը կեղևից մաքրել, առանց աղի ավելացման եփել էմալապատ կաթսայում, եփուկը քամել և խմել օրական 3 անգամ` 1/2-1 բաժակ չափաբաժնով:

Կարտոֆիլը կիրառվում է նաև շնչառական ուղիների բուժման ժամանակ: Կատարի, բրոնխիտի դեպքում հարկավոր է կեղևով շոգեխաշած կարտոֆիլը տրորել, ավելացնել 1 ճաշի գդալ բուսական յուղ, 2-3 կաթիլ յոդ: Զանգվածը լավ խառնել, լցնել թանզիվե կտորի վրա և փռել կրծքավանդակի ու կոկորդի վրա: Որպեսզի կոմպրեսը չշարժվի, այն կարելի է կապել տաք կտորով: Թողնել ողջ գիշերվա ընթացքում:

Քրոնիկ հազի դեպքում վերցնել 4-5 կարտոֆիլ, կեղևով շոգեխաշել, սակայն հետևել, որպեսզի դրանք չփխրվեն: Կրծքավանդակին և մեջքին մի քանի շերտ թուղթ փռել և վրան շարել շերտերով կտրատած կարտոֆիլը: Կոմպրեսը փաթաթել տաք կտորով: Երբ կարտոֆիլը հովանա, թղթերը կարելի է հանել: Կոմպրեսը թողնել ողջ գիշերվա ընթացքում:

Շնչուղիների հիվանդությունների, մրսածության դեպքում կարտոֆիլը կեղևով եփել, ջուրը քամել, գլուխը ծածկել թանզիվե կտորով, թեքվել դեպի կաթսան և ներշնչել կարտոֆիլի գոլորշին:

Թութքի դեպքում օգնում են կարտոֆիլից պատրաստված մոմիկները: Հում կարտոֆիլի միջուկից դանակով մատի հաստությամբ մի մաս առանձնացրեք, մի ծայրը թողեք բութ, մյուսը փոքր-ինչ տաշեք այնպես, որ մոմիկի ձև ստանա: Քնելուց առաջ մոմիկը մտցրեք հետանցքի մեջ և թողեք ողջ գիշերվա ընթացքում: Առավոտյան այն հեշտությամբ դուրս կգա թեթև սեղմոցի դեպքում: Խիստ չորություն զգալու դեպքում կարտոֆիլը կարելի է թաթախել մեղրի մեջ:

Կարտոֆիլն օգնում է նաև հիպերտոնիայի ժամանակ: Հարկավոր է մաքրել 4-5 կարտոֆիլ, մաքրած կեղևը լավ լվանալ, վրան լցնել 1/2 լիտր ջուր, եռացնել 15 րոպե, ապա քամել: Ստացված թուրմը պետք է խմել 1 բաժակ չափաբաժնով` ուտելուց 30 րոպե առաջ: Այս դեպքում շատ օգտակար է նաև կեղևով շոգեխաշած կարտոֆիլը: Ընդ որում, այն հենց կեղևի հետ միասին էլ հարկավոր է ուտել:

Օսթեոխոնդրոզի դեպքում ցավազրկող ազդեցություն է ունենում հում կարտոֆիլի քերուկով և մեղրով պատրաստված կոմպրեսը: Այն հարկավոր է պահել հիվանդ տեղի վրա ոչ պակաս, քան 1 ժամ:

Գորտնուկների վերացման համար վերցրեք միջին մեծության մի կարտոֆիլ, մեջտեղից կիսեք և հատույթի մակերեսով տրորեք գորտնուկները:

Փտող վերքերի լավացումն արագացնելու համար հում կարտոֆիլն անցկացրեք մանր քերիչով, լցրեք վերքի վրա և փաթաթեք: Վիրակապն ամեն 3 ժամը մեկ հարկավոր է փոխել:

Ձեռքերի և ոտքերի այտուցվածության դեպքում հում կարտոֆիլը կեղևից մաքրեք, անցկացրեք քերիչով, փռեք այտուցված մասերի վրա և փաթաթեք բամբակյա կտորով կամ խավոտ սրբիչով: Կոմպրեսը թողեք 15-20 րոպե:

Անեմիայի դեպքում շատ օգտակար է կարտոֆիլի թարմ հյութը: Այն հարկավոր է խմել 1/2-ական բաժակ օրվա մեջ 2-3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ: Բուժման կուրսը տևում է 2-3 շաբաթ: Ի դեպ, այս դեպքում հարկավոր է գործածել կարմիր կարտոֆիլ:

Կարտոֆիլի հյութը բարերար ազդեցություն է ունենում նաև սիստեմատիկ գլխացավերի դեպքում: Խմելու չափաբաժինն այս դեպքում 1/4 բաժակ է:

Մետեորիզմի դեպքում օրական 4 անգամ քաղցած վիճակում` ուտելուց 20 րոպե առաջ, հարկավոր է խմել 1/2-3/4 բաժակ կարտոֆիլի թարմ հյութ:

Կարտոֆիլի թարմ հյութն օգնում է նաև այրոցի, սրտխառնոցի, փսխման, քրոնիկ գլխացավերի դեպքում: Այն հարկավոր է խմել 1/2 բաժակ չափաբաժնով օրվա մեջ 2-3 անգամ, ընդ որում` առաջին բաժինը պետք է խմել առավոտյան լրիվ քաղցած վիճակում, երկրորդը` ճաշից 30 րոպե առաջ, երրորդը` քնելուց 1 ժամ առաջ: Երկշաբաթյա բուժումից հետո հարկ է 6 օր ընդմիջում անել, ապա կուրսը կարելի է կրկնել` սակայն արդեն գործածելով ոչ թե 1/2, այլ 1/4 բաժակ հյութ:

Նյութափոխանակության բարելավման համար հարկավոր է օրական 3 անգամ դանակի ծայրով ընդունել կարտոֆիլի ծաղիկների ծաղկափոշին: Օգնում է նաև հում կարտոֆիլի հյութը: Հատկապես գազարի և/կամ նեխուրի հյութերի հետ խառնելու դեպքում այն հեշտությամբ դուրս է մղում օրգանիզմից կուտակված շլակը:

Քաղցկեղի դեպքում վերցրեք կարտոֆիլի ծաղիկներից 1 ճաշի գդալ, վրան 1/2 լիտր եռացրած ջուր լցրեք, թրմեք 1 ժամ, ապա խմեք օրական 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ` 1/2 բաժակ չափաբաժնով:

Կարտոֆիլն օգնում է նաև բարելավել տեսողությունը: Ծաղկման ժամանակ հավաքեք կարտոֆիլի ծաղիկները (սպիտակ կամ մանուշակագույն), ստվերում չորացրեք: Թեյի գդալի մեջ լցրեք մաքուր եռացրած ջուր, մեջն ընկղմեք 1 չորացրած ծաղիկ և գդալը կրակի վրա պահեք այնքան, մինչև պղպջակներ առաջանան (եռացնել պետք չէ): Հենց որ նկատեք առաջին պղպջակները, գդալը կրակից հեռացրեք, թողեք, որ պարունակությունը գոլանա, ապա ներքաշեք կաթոցիչի (пипетка) մեջ և կաթեցրեք յուրաքանչյուր աչքի մեջ 2 (ոչ ավել) կաթիլ: Սկզբում փոքր-ինչ մրմռացնում է, բայց հարկավոր է համբերել: Օրվա ընթացքում հնարավոր է արցունքաթափություն: Արցունքներն անհրաժեշտ է մաքրել մաքուր թաշկինակով: Բուժման կուրսը տևում է 2 շաբաթից մինչև 2 ամիս` ըստ անհրաժեշտության: Ի դեպ, պրոցեդուրը լավ է կատարել առավոտյան, երեկոյան ցանկալի չէ: Նման բուժման արդյունքում 1 ամիս անց տեսողությունը 3 բացասականից կարող է բարձրանալ մինչև 1:

Օգտակար խորհուրդներ

Կարտոֆիլի հյութը պետք է անպայման թարմ լինի: Այն պետք է խմել պատրաստելուց հետո 2-4 րոպեի ընթացքում:

Զգույշ եղեք կանաչած և ծլած կարտոֆիլների հետ: Դրանք պարունակում են վնասակար նյութ, որը կոչվում է սոլանին: Նման կարտոֆիլը մաքրելիս հարկավոր է կեղևի հետ միասին հեռացնել նաև միջուկի մի որոշ մասը: Իսկ կանաչած հատվածներն ու ծլած մասերում գոյացած աչքերը անպայման հարկավոր է լրիվ մաքրել:

Կարտոֆիլը նախընտրելի է շոգեխաշել, այլ ոչ թե եփել ջրում: Այս դեպքում այն ավելի լավ է պահպանում իր օգտակար հատկությունները: Մասնավորապես, C վիտամինի քանակը շոգեխաշած կարտոֆիլի մեջ կրկնակի ավելի է, քան ջրում եփած կարտոֆիլի մեջ: Հատկապես լավ է պահպանվում C վիտամինը, երբ կարտոֆիլը եփվում է կեղևով:

Մաքրած կարտոֆիլը երբեք չի կարելի թողնել ջրում: Գրեթե բոլոր վիտամինները, որոնք առկա են կարտոֆիլի մեջ, ջրում լուծվող են, այնպես որ 15 րոպեն բավական է, որպեսզի ջուրը «խլի» պտղի օգտակար հատկությունների մեծ մասը: Մաքրած կարտոֆիլն անհրաժեշտ է անմիջապես օգտագործել:

____________________________

Հեղինակ` Անի Ստեփանյան

 
 

Թեման քննարկել ֆորումում

 

  ՄԵՆՅՈՒ

  Կնոջ առողջությունը
  Հմայքի գաղտնիքները
  Նորաձևության միտումները
  Օգտակար է իմանալ
  Աստղերի կյանքը
  Կին առեղծված
  Մայր և մանկիկ
  Փոքրիկներին
  Խոհանոց
  Հորոսկոպ
  Թեստ
  Մրցույթներ
  Ձեր հարցերի պատասխանները
  Ֆորում
  Հղումներ
  Արխիվ
  Հետադարձ կապ
 

ԿԱՐԴԱՑԵՔ ԳԵՂԱՐԱՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ  ԵՎ ԱՉՔԻ ԱՆՑԿԱՑՐԵՔ ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՀԱՄԵՂ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՇԱՐՔ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ:

 

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ

ԳՐԵՔ ՄԵԶ

 

Ամսագրում զետեղված հոդվածների և նյութերի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ:

 

Copyright © HAYUHI, 2006-2008

Designed by: AniArtDesign