|
Այսօր
գոյություն ունեն դաղձի (Mentha) ավելի քան
300 տեսակներ, որոնցից լայն տարածում ունեն
20-25-ը: Ինչևիցե, դրանք բոլորը թվարկելու կարիք չկա, քանի որ բոլորն
էլ միևնույն հատկանիշների համար են գնահատվում մարդկության կողմից: Իսկ
ճանաչել այս օգտակար բույսը օգնում է նրա յուրահատուկ և շատ հաճելի
բույրը:
Ավելի մեծ արժեք են ներկայացնում դաղձի տերևներն ու
ցողունները, որոնք հարկավոր է հավաքել նախքան բույսի ծաղկելը. դա այն
ժամանակն է, երբ դաղձն առավելագույն չափով մենթոլ կոչվող եթերայուղն է
պարունակում:
Այն
կիրառվում է ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակով: Տնային
պայմաններում դաղձից պատրաստված զանազան եփուկներն ու թուրմերը շատ
տարածված են, սակայն դրանցից բացի դաղձը մեծ հաջողություն ունի նաև
քիմիական, դեղագործական, սննդային արդյունաբերության մեջ, ինչպես նաև`
գեղարարական միջոցների պատրաստման պրակտիկայում:
Օգտակար հատկանիշները
Դաղձը շատ մեծ թերապևտիկ նշանակություն
ունի իր հանգստացնող, ցավազրկող, անոթալայնիչ, հակաբորբոքային
հատկությունների շնորհիվ: Այն բարերար ազդեցություն է ունենում
մարսողական համակարգի վրա. բարձրացնում է ախորժակը, լիկվիդացնում
սրտխառնոցը, այրոցը, նվազեցնում ստամոքսում գազերի առաջացումը, օգնում
է լուծի ժամանակ: Ունի նաև լեղին օրգանիզմից արտամղող
հատկություն, որի համար կիրառվում է լյարդի մաքրման և լեղապարկից
քարերի դուրս բերման պրակտիկայում:
Բոլորին քաջ հայտնի է, որ դաղձը հաջողությամբ
գործածվում է բարձր ջերմության, տենդի և մրսածության հետևանքով առաջ
եկող հիվանդությունների (անգինա, ֆարինգիտ և այլն)
ժամանակ`որպես հովացնող, քրտնաբեր միջոց: Այն օգնում է
նաև միզասեռական և շնչառական օրգանների բորբոքային հիվանդությունների
ժամանակ:
Սրտի և
արյունատար համակարգի վրա դաղձը խթանող ազդեցություն է ունենում,
հանգստացնում է սրտխփոցները, գլխացավը, նպաստում է անոթային ճնշման
իջեցմանը: Հիանալի արդյունք է խոստանում միգրենի դեմ պայքարում:
Նյարդային
համակարգի վրա դաղձը կոմպլեքս ազդեցություն է ունենում.
հանգստացնում է, նպաստում ուղեղի աշխատանքի բարելավմանը, օգնում
ազատվել անքնությունից:
Այս
հիանալի բույսը լայնորեն կիրառվում է ատամնաբուժական պրակտիկայում:
Դաղձի թուրմը գործածում են բերանի խոռոչը ողողելու համար` որպես
շնչառությունը թարմացնող, բակտերիաները վերացնող, բորբոքային
պրոցեսները բուժող միջոց:
Բոլորիս կողմից այնքան սիրված ավանդական մաստակն իր հաճելի համով հենց
դաղձին է պարտական: Եվ ատամի մածուկների կարևոր բաղադրիչն էլ հենց
մենթոլն է` դաղձի եթերայուղը:
Մի շարք կոնկրետ
բուժական ցուցումներ
Քրոնիկ տոնզիլիտի և բորբոքումների դեպքում.
վերցնել 3-ական մաս
դեղատնային երիցուկի ծաղիկներ, դաղձի և
եղեսպակի (шалфей)
տերևներ, 1 մաս
սամիթի պտուղներ
(плоды фенхеля), վրան լցնել 10
գր եռացրած ջուր: Զանգվածը տաքացնել` պահելով եռացող ջրի վրա,
45 րոպե թրմել և քամել: Ստացված թուրմով հարկավոր է
կոկորդի ողողումներ անել: Կարելի է կիրառել նաև կանխարգելիչ
նկատառումներով:
Դաղձով թեյն օգտակար է խմել
մրսածության, բրոնխիտի, անգինայի դեպքում: Այն ունի հիանալի
քրտնաբեր հատկություն:
Ցիստիտի դեպքում. հավասար քանակով վերցնել
երիցուկի ծաղիկներ, դաղձի տերևներ, սև
բարդու
երիկամներ
(почки черного тополя), թրմել և գործածել:
Հիպերտոնիայի դեպքում. հարկավոր է պատրաստել թուրմ` վերցնելով
1-ական մաս դաղձ և երիցուկ, և
1/2 մաս վալերիան: Թուրմը հարկավոր է խմել 1
ամիս շարունակ` օրական 1/2 բաժակ: Այն հիանալի
պրոֆիլակտիկ միջոց է հիպերտոնիայի դեմ:
Դիաբետի դեպքում. այս դեպքում դաղձն
օգտագործվում է որպես լեղազատիչ միջոց, ինչպես նաև բարելավում է
ենթաստամոքսային գեղձի գործունեությունը: Վերցնել
1-ական թեյի գդալ դաղձի տերևներ և
խատուտիկի մանրացված արմատներ, վրան
լցնել 1 բաժակ ջուր, եռացնել 5-7 րոպե, ապա 1/2
ժամ թրմել: Օրվա ընթացքում խմել 2-4
անգամ` ուտելուց առաջ` 1/4 բաժակ չափաբաժնով:
Ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների
դեպքում.
դաղձի տերևները մանրացնել, վերցնել
2 ճաշի գդալ, վրան լցնել 2 բաժակ եռացրած ջուր և եփել:
Խմել օրական 2-3 անգամ` 15-20 րոպե ուտելուց առաջ: Եթե խմողը մեծահասակ
է, ապա յուրաքանչյուր անգամվա չափաբաժինը 1/2
բաժակ է, իսկ երեխաների դեպքում` 1/4 բաժակ:
Բացի հիմնական բուժիչ ներգործությունից, դաղձը նաև թուլացնում է
ստամոքս-աղիքային համակարգի մկանները` օգնելով թեթևացնել կոլիկները:
Թունավորումների դեպքում. քանի որ դաղձն օժտված
է նաև հակատոքսիկ հատկությամբ, այն լայնորեն կիրառվում է նաև տարբեր
տեսակի թունավորումների դեպքում: Այս պարագայում ավելի մեծ խտությամբ
թուրմ է հարկավոր պատրաստել. 2 ճաշի գդալ դաղձը 1 բաժակ եռացրած
ջրով թրմել 2 ժամ: Գործածել օրական
2-3 անգամ` ուտելու ընթացքում:
Նյարդային գերլարվածության, կլիմաքսի դեպքում.
2 թեյի գդալ դաղձի վրա լցնել 1/2 լիտր ջուր և եռացնել: Խմել
որպես թեյ: Նշանակալիորեն նպաստում է վիճակի թեթևացմանը:
Հղիության դեպքում. շատ հաճախ կանայք հետաքրքրվում են, թե արդյոք
կարելի է դաղձով թեյ խմել հղիության ժամանակ: Եթե թեյը գնված է
դեղատնից, ապա հանգիստ խղճով կարելի է վստահել նրան: Ընդ որում, կարելի
է խմել օրական 3-4 բաժակ: Բացի այն, որ դաղձով թեյը
թեթև հանգստացնող ազդեցություն ունի, այն նաև կարող է բարերար
ներգործություն ունենալ հղիությանը զուգորդող
սրտխառնոցների դեպքում:
Դաղձն ու
գեղարարությունը
Դաղձով
պատրաստված սքրաբն օգնում է ազատվել ոտքերի հոգնածությունից.
100գր ծովի աղը, 40գր ձիթապտղի յուղը, 6 կաթիլ դաղձի
յուղը խառնել: Ստացված քսուքը մերսող շարժումներով քսել կրունկներին,
ապա լվանալ:
Առողջ գլխամաշկ` դաղձի շնորհիվ. դաղձի և
հազրեվարդի (рвзмарин) ճյուղերի վրա
240գր խնձորի քացախ լցնել և թրմել մի ամբողջ շաբաթ:
Ստացված թուրմով հարկավոր է ցողել մազերը`դրանք օճառահեղուկով
լվանալուց հետո: Այն կօգնի մաքրել գլխամաշկը, ազատվել սպիտակ
փաթիլներից (որոնք մենք շատ հաճախ շփոթում ենք թեփի հետ),
թուլացնել օճառահեղուկի գործածման արդյունքում առաջ եկած
գրգռվածությունը: Գումարած այս ամենին` այն նաև հակաբորբոքիչ է:
Դաղձն
օգնում է նիհարել. եթե ուզում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից,
ուրեմն պետք է ձեռքի տակ միշտ դաղձ ունենաք: 2 ժամը
մեկ թարմ դաղձի բույրը ներշնչեք, և այն ձեզ կօգնի գործածել
23% ավելի քիչ կալորիաներ, քան սովորաբար: Թարմ
դաղձի փոխարեն կարելի է օգտագործել նաև դաղձի յուղ:
Դաղձը
կփրկի մազաթափությունից. պարզվում է, որ սովորական դաղձով թեյը,
որը մենք բոլորս սովոր ենք ժամանակ առ ժամանակ հաճույքով խմել, ազդում
է կնոջ օրգանիզմում անդրոգենների (տղամարդկային
հորմոնների) քանակի վրա, ինչն ուղղակիորեն կապված է մաշկի
մազածածկույթի հետ: Եթե վիճակը դեռևս շատ լուրջ չէ, ապա դաղձով թեյը
կարող է ձեր փրկիչը դառնալ: Ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր
է խմել օրական ոչ պակաս, քան 2-3 բաժակ դաղձով
թեյ, որոնցից յուրաքանչյուրը պետք է պարունակի 5գր չորացրած
դաղձ: Ընդ որում, թեյը հարկավոր է թրմել ոչ պակաս, քան 5 րոպե:
Հատկապես ցանկալի է այս թեյը խմել մենստրուալ ցիկլի այն 5 օրերի
ընթացքում, երբ օվուլյացիա է սպասվում: Դա այն ժամանակն է, երբ սեռական
հորմոնների ակտիվությունը հասնում է գագաթնակետին:
Դաղձն օգտակար է դեմքի մաշկի համար.
1 ճաշի գդալ չորացրած դաղձը կամ
3 ճաշի գդալ թարմ դաղձը թրմել
250մլ եռացրած ջրով առնվազն 30 րոպե:
Թուրմից սառցե խորանարդիկներ պատրաստել և դրանք օգտագործել դեմքը
մաքրելու համար: Դաղձը օգնում է մաշկի գրգռվածության և քորի դեպքում,,
ինչպես նաև առողջ և թարմ տեսք է հաղորդում դեմքի մաշկին:
Դաղձով թեյ
Բուրավետ թեյ: Թեյնիկը տաք ջրով լվանալ: Թարմ դաղձը թեթևակի ջրով
ցողել: Թեյը լցնել կաթսայի մեջ, վրան
1/2 լիտր եռացրած ջուր լցնել, մի փոքր շաքարավազ
ավելացնել, ապա լցնել մեկ այլ կաթսայի մեջ: Այսպես
2-3 անգամ թեյը կաթսայից-կաթսա լցնել, ապա լցնել
թեյնիկի մեջ, ավելացնել դաղձը և մի քանի րոպե թրմել:
Խնձորով և դաղձով թեյ:
Վերցնել 4 ճաշի
գդալ թարմ դաղձ, 1 կիտրոնի կեղև, 1 կիտրոնի
հյութ, 2 փաթեթ ցեյլոնական թեյ, 570մլ եռացրած ջուր,
400մլ խնձորի հյութ
(ոչ քաղցր),
սառույցի 20 խորանարդիկ: Դաղձը, կիտրոնի կեղևն ու թեյի
փաթեթները լցնել տաք թեյնիկի մեջ, վրան լցնել եռացրած ջուրը և
20 րոպե եփել: Ապա թեյի փաթեթները զանգվածի միջից
հանել,
իսկ թեյի վրա ավելացնել խնձորի և կիտրոնի հյութերը և սառցե
խորանարդիկների կեսը: Մնացած սառույցները լցնել թեյի բաժակների մեջ,
ապա վրան լցնել սառը թեյը և մատուցել: Կարելի է զարդարել դաղձի
ճյուղերով ու կտրատած կիտրոններով:
Դաղձով սառը կանաչ թեյ` ամառվա շոգի դեմ:
Եփել սովորական կանաչ
թեյ, ցանկության դեպքում շաքարավազ ավելացնել, սառեցնել, ապա ավելացնել
մանրացված դաղձ, կիտրոնի հյութ և սառցե խորանարդիկներ:
____________________________
Հեղինակ` Անի Ստեփանյան |