HAYUHI: online magazine for armenian women HAYUHI: online magazine for armenian women
 

 
 

ՄԱՅՐ ԵՎ ՄԱՆԿԻԿ / ԴԵԿՏԵՄԲԵՐ 2008

 
 

ԱՐԴՅՈՔ ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐ ԵՐԵԽԱՆ ՀԱՎԱՏԱ ՁՄԵՌ ՊԱՊԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ?


Մեծերին քաջ հայտնի է` Ձմեռ Պապ գոյություն չունի: Եվ այնուհանդերձ ամեն տարի Ամանորի նախաշեմին նրանք իրենց երեխաներին հարցնում են, թե ինչ նվերներ են վերջիններս ուզում Ձմեռ Պապից` այդպիսով քաջալերելով փոքրիկների հավատն առ հորինված կերպարը: Իսկ արդյոք դա ճիշտ է? The Daily Telegraph-ի լրագրողները երկու տարբեր պատասխաններ են առաջարկում այս հարցի համար: «Մասնակցեք հեքիաթին»,- ասում է Սառա Քրոմփթոնը` հավատացած լինելով, որ երեխայի հավատը Ձմեռ Պապի հանդեպ օգնում է նրան հավատալ բարու զորությանը: «Այս առասպելը երեխային սովորեցնում է վերցնել, այլ ոչ թե տալ, իսկ ծնողները դրա պատճառով տհաճ իրավիճակների մեջ են հայտնվում»,- կարծում է Սառա Ուոմակը:

Տեսնենք, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ փաստարկներով է փորձում հիմնավորել իր տեսակետը: Դա մեզ կօգնի անձամբ կողմնորոշվել այս բարդ հարցի շուրջ` որոշելով ի վերջո, թե որն է ճիշտը` ասել երեխային ճշմարտությունն ու ամրապնդել մեր ծնողական հեղինակությունը, թե ստել ու թույլ տալ, որ փոքրիկը հավատա կախարդանքին:

ԱՅՈ, Սառա Քրոմփթոն

Յուրաքանչյուր երեխայի կյանքում վրա է հասնում այն պահը, երբ նա դյուրահավատորեն նայելով ծնողների աչքերին` տխուր հարցնում է. «Ձմեռ Պապն իրականում գոյություն ունի?»: Եվ այս դեպքի համար մեծին հարկավոր է նախապես մտածված պատասխան ունենալ:

Ես այս հարցը տվել եմ հորս (պետք է ասել` բավականին ուշ, երբ արդեն 10 տարեկան էի), և շատ լավ հիշում եմ, թե այդ պահին ինչ զգացողություններ ունեի: Ես շատ էի ուզում շարունակել հավատալ, բայց հոգիս արդեն կրծում էին կասկածները: Ես նաև լավ հիշում եմ հորս պատասխանը: Նա ասաց. «Ձմեռ Պապը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ դու ուզում ես»:

Երևի դա է պատճառը, որ ես մինչև օրս էլ մի փոքր հավատում եմ Ձմեռ Պապի գոյությանը` թեկուզ իմ երեխաների համար: Ես կարծում եմ, որ Ձմեռ Պապի իրական նշանակությունը բոլորովին էլ այն չէ, ինչն առաջին հայացքից թվում է: Նա ընդամենը մի մեծ, ուրախ ծերուկ չէ` կարմիր վերարկուով և սպիտակ մորուքով: Այս ամենի ետևում մեկ այլ, ավելի խորին կախարդանք կա թաքնված: Այն խորհրդանշում է սիրո անմահ ուժը...

Հիշեք, թե ինչպես է թատերական ներկայացման ժամանակ հեքիաթի հերոս Փիթեր Փենը հանկարծ շրջվում դեպի հանդիսատեսներն ու խնդրում նրանց փրկել իրեն սիրահարված Թինքերբելլի մարող կյանքը: «Ծափ տվեք, եթե հավատում եք հրաշքներին»,- խնդրում է նա: Եվ եթե ձեր սիրտը քարից չէ, դուք սկսում եք ծափ տալ, և ահա ամբողջ սրահով մեկ սկսվում է ծափահարությունների տարափը: Եթե դուք արդեն մեծ եք, ապա դժվար թե հավատաք այն ամենին, ինչ կատարվում է բեմի վրա, սակայն միանալով հեքիաթին` դուք ուժեղացնում եք կախարդանքի ուժը:

Ինձ թվում է` ծնողներն իզուր են մտահոգվում Ձմեռ Պապի հաշվով: Երեխաները զարմանալի կերպով կարողանում են իրենց գլխում պահել միանգամից մի քանի տարբեր գաղափարներ: Իմ սեփական 5 և 8 տարեկան երեխաները հավատում են, որ հենց Ձմեռ Պապն է իրենց նվերներ բերում: Երբեմն նրանք վատ են զգում այն բանից, որ ստացել են ավելին, քան հարևան երեխաները (որոնք արդեն մեծ են ու վաղուց էլ չեն նայում տոնածառի տակ նվերի հույսով), բայց այդ մտքից նրանք երկար չեն կառչում:

Նրանց ավելի շատ հուզում է այն երեխաների ճակատագիրը, որոնց տանը վառարանի խողովակ չկա, որով Ձմեռ Պապը գիշերը տուն է մտնում: Բայց որոշ մտորումներից հետո նրանք եզրակացնում են, որ մի գիշերում ամբողջ Երկիր մոլորակը ոտքի տակ տվողը կանգ չի առնի այնպիսի մանրուքի առաջ, ինչպիսին է համապատասխան վառարանի բացակայությունը:

Միևնույն ժամանակ, երեխաները ոչ մի խնդիր չեն տեսնում այն բանում, որ այս հեքիաթային հերոսը հաճախ մեր առջև հառնում է բոլորովին սովորական մարդկանց կերպարով: Նրանք պատրաստ են ընդունել, որ դրանք ուղղակի տղամարդիկ են, որոնք Ձմեռ Պապի շորեր են հագել: Իսկ այն, որ նրանք դեռ երբեք չեն հանդիպել իրական Ձմեռ Պապին որևէ խանութում, բացատրվում է շոփինգի հանդեպ նրանց հակակրանքով: Եվ նրանք շատ լավ գիտեն, որ դպրոցում նվերների պարկով հայտնվող մարդն ապրում է փողոցի վերջում և Ձմեռ Պապի դեր է խաղում, որովհետև այդպես են անում բոլոր մեծերը:

Իմ սեփական մանկությունից մի միջադեպ եմ հիշում: Քենդալ քաղաքում ես մի շատ հաճելի Ձմեռ Պապի հանդիպեցի և, չնայած, կոնկրետ չեմ հիշում, թե ինչ սպասումներ ունեի այն պահին, երբ շշուկով նրան ասացի, թե ինչ նվեր եմ ուզում ստանալ, բայց նույնիսկ այդ պահին էլ չէի հավատում, որ նա իսկական է: Ընդամենը իր դերը խաղացող մարդ...

Ճիշտ այդպես էլ այն հեքիաթներում, որոնք կարդում եք երեխաների համար Ամանորի նախաշեմին, հանդիպում են այս հերոսի զանազան տարբերակներ: Երբեմն այդ հեքիաթներում Ձմեռ Պապն ուրախ է, երբեմն` ցրված, ունի կամ չունի օգնականներ, երբեմն նույնիկս հանգստանալու է գնում:

Իհարկե, Ձմեռ Պապի այս բոլոր կերպարները երեխաների մոտ հարցեր են ծնում: Սակայն այդ հարցերին պատասխանելիս դուք չպետք է ստեք: Հանդարտվեք ու մասնակցեք հեքիաթին: Չէ որ այդպես դուք հնարավորություն եք տալիս, որպեսզի սիրո առասպել դարձած դարավոր պատմությունը երեխաների հոգիներում ամրապնդի հավատը բարու զորության հանդեպ ու կիսելու ցանկությունը, որը տարբերակում չգիտի հարուստների ու աղքատների միջև:

Երբ դուք «Այո» եք ասում Ձմեռ Պապի անհավանական կախարդանքին, դուք այդ «Այո»-ն ասում եք հույսին ու հավատին: Ի վերջո, ես ոչ մի մեծ չեմ ճանաչում, որը կնախընտրեր, որ մանուկ հասակում իրեն Ձմեռ Պապի մասին իրականությունն ասած լինեին: Բոլորն էլ ուզում են, որ իրենց կյանքում մի փոքր կախարդանք լինի:

ՈՉ, Սառա Ուոմակ

Ամուսնուս մոտ նախկինում երբևէ փնթփնթալու սովորություն չէի նկատել, բայց երբ նրան ասացի, որ մեր դուստր Գրեյսին (նա 14 ամսական է) պատրաստվում եմ ասել, որ ոչ մի Ձմեռ Պապ էլ գոյություն չունի, նա մի ամբողջ օր խոսեց այդ մասին:

«Նրա հետ դպրոցում ոչ ոք ընկերություն չի անի, իսկ մեզ հետ ոչ ոք չի էլ ուզի խոսել: Չէ որ Սանտա Կլաուսի մասին պատմելը սուտ չէ, դա մանկավարժական մեթոդ է?»,- կրկնում էր նա:

Նրա խոսքերում, իհարկե, տրամաբանություն կա, բայց տարիներով երևակայել ինչ-որ Ձմեռ Պապի մասին այնքան էլ ինձ համար չէ: Փոքր ժամանակ էլ ես հիասթափություն չապրեցի, երբ մայրս ի վերջո խոստովանեց, որ դռան ետևում եղջերուների համար կաթ ու քաղցր գաթա թողնելու առիթ չկա: Իսկ եթե լրիվ անկեղծ լինեմ, ապա ես երբևէ չեմ լսել, որ իմ ծնողները խոսեն Ձմեռ Պապի մասին:

Ինտերնետային կայքերից մեկում հրապարակված պատմությունը ցույց է տալիս, թե այդ հեքիաթների պատճառով ինչ տհաճ իրավիճակների մեջ կարող են հայտնվել ծնողները: Ահա նման մի դեպք raisingkids.com-ից. «Անցած տարի որդուս համադասարանցիներից մեկը նրան ասել էր, որ Ձմեռ Պապը հորինվածք է: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց նրան հավատացնել, որ դա այդպես չէ: Տեղի խանութներից մեկում երեխաս գտավ նվերների մասին Ձմեռ Պապին ուղղված իր նամակի «պատասխան»-ը ու, բացի այդ, իր աչքով տեսավ սահնակների ու եղջերուների` հատակին թողած հետքերը: Երբ ուրիշ երեխաները փլուզում են առասպելը, ողջ կախարդանքն անհետանում է, իսկ երեխան սկսում է տոնն ընկալել որպես մի սովորական օր, որի ընթացքում նվերներ են մատուցվում մեկմեկու: Անցած տարի նա հինգ տարեկան էր: Վախենում եմ, որ այս տարի պատմությունը կրկնվելու է, բայց մի ավելի մեծ ու ավելի ցինիկ երեխայի կողմից: Գուցե լավն այն է, որ ինքներս ասենք նրան իրականությունը, այլ ոչ թե սպասենք, մինչև նա ամեն բան իմանա խաղահրապարակում?»:

Սահնակների ու եղջերուների հետքերը հատակի վրա? Դա արդեն չափազանց է...

Խնդիրը նրանում է, որ միամիտ ու դյուրազգաց երեխաները (մենք բոլորս ուզում ենք, որ նրանք հենց այդպիսին լինեն, այնպես չէ?), հատկապես եթե նրանք իրենցից մեծ քույրեր ու եղբայրներ չունեն, սարսափելի հիասթափություն կապրեն, երբ դուք խոստովանեք, որ այդքան ժամանակ խաբել եք նրանց: Իսկ դուք միթե չեք ուզում, որ նա ճշմարտությունն իմանա հենց ձեզանից?

Հաջորդ պատճառը, որի հիման վրա ես հրաժարվում եմ ստել, այն է, որ երեխաները չեն կարողանում գնահատել այն նվերները, որոնք ստանում են իրենց տարին միայն մի անգամ տեսնող մորուքավոր ծերուկից: Եվ նրանք հնարավորություն չեն ստանում նրան իրենց շնորհակալությունը հայտնելու: Հետևաբար, ավելի լավ կլինի, եթե երեխաներն իմանան, թե որքան ջանքեր են պահաջվել ծնողներից, որպեսզի նրանք գնեն հենց այն նվերները, որ իրենք ուզում էին ստանալ: Թող իմանան ոչ միայն նվերները ստանալու մասին, այլև այն մասին, թե որքան դժվար է լավ նվեր պատրաստելը:

Ինչպես ասում է հայր Ջոն Էյչը, Ձմեռ Պապի մասին հեքիաթները հետևանքներ են ունենում: Երբ մեծն ասում է. «Այո, Ձմեռ Պապը գոյություն ունի, ու նրա` եղջերուներին լծված սահնակները սլանում են ողջ երկրագնդով մեկ», դա արդեն խաղ չէ: Մեծն այդ առասպելին հաղորդում է իր հեղինակությունը, այն իրատեսական է դարձնում, և երբ հետագայում երեխան բացահայտում է, որ Ձմեռ Պապը հորինվածք է, նա սկսում է կասկածել նաև այլ բաների վրա, որ իրեն ծնողներն էին սովորեցրել, մասնավորապես` կրոնի:

Ինձ ճիշտ հասկացեք: Ես բնավ դեմ չեմ, որ երեխաները «Ձմեռ Պապից նվերներ» ստանան: Կարելի է դրանք տոնածառի տակ դնել, բայց թող երեխան օգտագործի իր երևակայությունը, այլ ոչ թե լսի մեծերի ստերը:

Իմ ընկերուհին, որը ութամյա որդի ունի, ասաց նրան ճշմարտությունը. «Ես կարծում էի, որ նա արդեն միևնույն է գիտի իրականությունը, բայց ես անգամ դժվարանում եմ ձեզ հաղորդել, թե նա ինչպես սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել»,- պատմում է նա:

Ես չեմ պատրաստվում դստերս նստեցնել ծնկներից ու հայտարարել նրան, որ բնության մեջ ոչ մի Ձմեռ Պապ էլ չկա: Բայց ես նաև չեմ ձևացնի, իբր կարմիր մուշտակով ծերուկը թռչում է երկրագնդի շուրջը մի այնպիսի արագությամբ, որը 5 անգամ գերազանցում է լույսի արագությունը, և 2 ժամում միլիարդավոր նվերներ է ընծայում: Ու չեմ էլ պատրաստվում բացատրել, թե նա ինչպես է հաջողացնում միաժամանակ լինել և հարավում, և հյուսիսում:

Սպասեք, սպասեք! Այս ինչ եմ լսում? Ամուսինս կարծես համակարգչի էկրանից կարդաց այս տողերն, ու նրա զայրույթը փոխակերպվեց քնքշանքի: «Պետք չէ, որ խալու վրա սուտ հետքեր նկարենք»,- քթի տակ ասում է նա:

_________________________

Հեղինակներ` Սառա Քրոմփթոն, Սառա Ուոմակ

Աղբյուրը` www.zayka.net

 
 

Թեման քննարկել ֆորումում

 

  ՄԵՆՅՈՒ

  Կնոջ առողջությունը
  Հմայքի գաղտնիքները
  Նորաձևության միտումները
  Օգտակար է իմանալ
  Աստղերի կյանքը
  Կին առեղծված
  Մայր և մանկիկ
  Փոքրիկներին
  Խոհանոց
  Հորոսկոպ
  Թեստ
  Մրցույթներ
  Ձեր հարցերի պատասխանները
  Ֆորում
  Հղումներ
  Արխիվ
  Հետադարձ կապ
 

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ

ԳՐԵՔ ՄԵԶ

 

Ամսագրում զետեղված հոդվածների և նյութերի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ:

 

Copyright © HAYUHI, 2006-2008

Designed by: AniArtDesign