|
ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ
ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. «ԼՈՒՌՈՒՄՈՒՆՋԻԿՆԵՐ» ԵՎ «ՇԱՏԱԽՈՍԻԿՆԵՐ» |
|
Երեխան
լուռ է: Նա իր կյանքի չորս տարիների ընթացքում մի խոսք անգամ չի
արտաբերում: Ծնողները հուսահատված են: Բոլոր այցելությունները
լոգոպեդներին, հոգենյարդաբաններին և այլ մասնագետներին մնում են
անարդյունք:
Մի անգամ ճաշի ժամանակ երեխան հանկարծ բարձր ու հստակ հայտարարում է.
«Շիլան աղի է»: Մայրն ուշաթափվում է, հայրը` բացականչում. «Որդիս, իսկ
մինչև հիմա ինչու էիր լռում?» Որդին առանց վարանելու պատասխանում է.
«Հենց այնպես, առիթ չէր լինում խոսելու»:
Առաջին խոսքերը, առաջին
նախադասությունները, հիշողությամբ արտասանած առաջին
բանաստեղծությունները` յուրաքանչյուր ծնող էլ բալիկի ծնված օրվանից
սպասում է դրանց: Ինչու է ոմանց մոտ այդ սպասումը ձգվում երկար ամիսներ
ու տարիներ, իսկ մյուսների մոտ երեխայի ծնունդից մեկ-երկու տարի հետո
արդեն առաջանում է միակ ցանկությունը. «Գոնե մի կես ժամ լուռ մնար»?
Պատճառն այն է, որ խոսքի զարգացումը շատ յուրահատուկ պրոցես է:
Ստանդարտ սխեմայով խոսքը զարգանում է հետևյալ կերպ:
Երկու ամսական փոքրիկն սկսում է մարդու խոսքերը տարբերել մյուս
ձայներից: Կես տարեկանում նա զգում է ձայնի նրբերանգներն ու արդեն
կարող է հասկանալ, որ բառն արտահայտում է որոշակի առարկա, հատկություն
կամ գործողություն: Մեկ տարեկանում նա արտաբերում է 10-12
բառ` նշելով իր պահանջմունքները և անվանակոչելով
հարազատ մարդկանց ու առարկաները: Երկու տարեկանում մարդն սկսում է
խոսել պարզ նախադասություններով, կրկնել շատ բաներ, զարգացնել իր
իմացած բառերի արտասանությունը: Երեք տարեկան հասակում խոսքը սովորաբար
ձևավորվում է որպես ստաբիլ ունակություն, ու մինչև հինգ տարեկանը
աննկարագրելի արագությամբ սկսում է համալրվել բառապաշարը: Հինգ
տարեկանից հետո երբեմն պատահում են որոշ հնչյունների արտաբերման
դեֆեկտներ, սակայն երեխայի հետ արդեն կարելի է շփվել ցանկացած թեմայի
շուրջ: Սա ստանդարտ, դասական սխեման է, որին չեն համապատասխանում
ժամանակակից երեխաների 25-30%-ը:
Խոսքի զարգացման տեսանկյունից «ոչ
ստանդարտ» հենց այս երեխաներին էլ հաճախ պիտակավորում են որպես
հանճարներ կամ մտավոր հետամնացներ: Իսկ իրականում նրանք ընդամենը
դրսևորում են խոսքի զարգացման անհատականություն: Նրանց մի մասն իրենց
հասակակիցներից առաջ են անցնում` արդեն երկու տարեկան հասակում բերանը
երբեք չփակելով, շնչակտուր խոսելով աշխարհի երեսին եղած ամեն ինչի
մասին, հիշողությամբ երկար պոեմներ արտասանելով ու կես ժամից ոչ պակաս
հեռախոսազանգերին պատասխանելով: Մյուսներն ընդհուպ մինչև հինգ տարեկան
կարող են սահմանափակվել էլեմենտար բառերով, բացատրվել նշաններով ու
միմիկաներով` հարազատներին ու մանկավարժներին մատնելով սարսափի:
Միանշանակ ասել, թե որ տարբերակն է ավելի լավ, անհնար
է!
«Լուռումունջիկները» սովորաբար հանգիստ,
ֆլեգմատիկ երեխաներ են` շատ ուշադիր, «հիմնարար», իրենց տարիքին ոչ
հատուկ լուրջ: Նրանք բառացիորեն «ներծծում են» շրջապատողների խոսքը,
բառերի ու դարձվածքների պաշար կուտակում, հետևում հնչյունների
արտասանությանը: Որպես կանոն նրանք միանգամից «մաքուր» սկսում են
խոսել` ձևակերպելով իրենց մտքերը լակոնիկ ու հստակ: Նրանց որոշ մասի
լռության պատճառն այն է, որ վաղ տարիքում ինչ-որ խոսքային
անհաջողություն են ունեցել (օրինակ` նրանց չեն
հասկացել, չեն լսել, ուշադրություն չեն դարձրել)
և գիտակցաբար նախընտրում են լռել 3-5 տարեկան
հասակում:
«Շատախոսիկները» հիմնականում
ակտիվ, հետաքրքրասեր և անհանգիստ երեխաներ են: Նրանք հաճախ քմահաճ,
կամակոր ու կոնֆլիկտային կարող են լինել: Նրանց շատախոսելու հակումն ի
սկզբանե հիմնված է արտաքին աշխարհից եկող ինֆորմացիայի վերարտադրության
վրա, նրանք կրկնում են ամեն ինչ ու բոլորից հետո: Նրանք անմիջապես
«գրանցում են» այն ամենը, ինչ լսում են մեծերից, ռադիոյով կամ
հեռուստատեսությամբ, ու առանց երկար մտածելու վերարտադրում են: Նման
երեխայի հետ այնքան էլ հեշտ չէ լեզու գտնել, նրանց «ելույթների»
պատճառով ծնողները շատ հաճախ ստիպված են լինում կարմրել: Երկու տարեկան
երեխայի համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու չի կարելի բառացի,
բարձր ու հաճույքով մեջբերել փողոցում պատահաբար սայթաքած ու ընկած
քեռու քրթմնջոցը:
Ահա մի քանի խորհուրդներ խոսքի
զարգացման տեսանկյունից «ոչ օրդինար» երեխաների ծնողների համար:
Խորհուրդներ
«լուռումունջիկների» ծնողներին.
1.
Մի շտապեք ամեն հարցում բավարարել երեխային, ձևացրեք,
թե չեք հասկանում նրա ժեստերը, ու ինքներդ էլ մի շփվեք նրա հետ
ժեստերով, այլ միմիայն բառերով:
2.
Խթանեք փոքրիկի արտիկուլյացիոն ապարատի զարգացումը. չի
ուզում խոսել, ուրեմն թող երգի (թեկուզ միայն
ձայնավոր հնչյուններով), լեզվով չփչփացնի,
փորձի ընդօրինակել կենդանիների ձայները:
3.
Երբեք նրա ներկայությամբ ուրիշներին մի բողոքեք նրա
լռակյացությունից և, իհարկե, մի բարկացեք ու մի ծաղրեք նրան այդ բանի
համար:
4.
Ֆիլտրեք փոքրիկին հասնող ինֆորմացիայի հոսքը.
հեռուստացույցի փոխարեն նրան առաջարկեք աուդիոգիրք կամ մանկական ռադիո:
Նրա ներկայությամբ շատ ուշադիր եղեք: Հիշեք, որ լռակյացության
ընթացքում իր լսած բոլոր բառերն ու արտահայտոթւյունները նա մի օր
վերարտադրելու է:
Խորհուրդներ
«շատախոսիկների» ծնողներին
1.
Երեխան պետք է կանոնավոր կերպով գտնվի իր
հասակակիցների կամ քույրերի ու եղբայրների կոլեկտիվում, որոնց հետ
տարիքային տարբերությունը չպետք է գերազանցի 3-5
տարին: Եթե «շատախոսիկին» փակեք տանը, վատ կլինի և
ձեր, և նրա համար: Սա, անկեղծ ասած, նաև «լուռումունջիկներին» է
վերաբերում լրիվ իրավասությամբ:
2.
Սովորեցրեք նրան լսել. լսել երաժշտություն (նախընտրելի
է` դասական), լսել բնության ձայները, քաղաքի
ձայները: Նա պետք է հասկանա, որ երբեմն ավելի հետաքրքիր է լսել իր
«շուրջը», քան լսել միայն ինքն իրեն:
3.
Երեխային սովորեցրեք երկխոսության մեջ մտնել: Ավելի
հաճախ նրան հարցեր տվեք իր մասին, օրինակ` «ինչ ես դու մտածում?», «ինչ
ես դու զգում?», «քեզ ինչն է դուր գալիս?»: Նման հարցերը երեխայի միտքը
կուղղեն արտաքինից դեպի իր ներքին աշխարհը: Դա կօգնի ինքնագիտակցության
և, ընդհանրապես, անձի ձևավորմանը:
4.
Երբեք մի պարծեցեք երեխայի հաջողություններով նրա իսկ
ներկայությամբ: Նա կարող է որոշել, որ ձեր աչքում իր արժեքավորությունը
կայանում է հենց միայն այն բանում, որ ինքը կարողանում է երկու ժամ
անընդմեջ բանաստեղծություններ արտասանել:
Եվս մի կարևոր բան: Հիմք
ընդունելով առաջին տարիների ընթացքում խոսքի զարգացման
առանձնահատկությունները` մի շտապեք հապճեպ եզրակացություններ անել այն
մասին, թե ինչպես կդասավորվի ձեր երեխայի ճակատագիրը հետագա կյանքի
ընթացքում: Պետք չէ նրան հանճարի տեղ դնել կամ թերություններ վերագրել`
հիմնվելով խոսքի զարգացման անհատական դրսևորումների վրա:
«Լուռումունջիկներին» էլ, «շատախոսիկներին» էլ, այն
երեխաներին էլ, որոնց խոսքը զարգանում է միջին ստանդարտներին
համապատասխան, հիանալի ապագա է սպասվում!
Հավատացեք դրան: Երազանքներն ու ջանքերը
իրագործվելու հատկություն ունեն!
_________________________
Հեղինակ`
Եկատերինա Դանիլովա
Աղբյուրը`
www.harbor.ru |