| |
|
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ
ԶԳԱՑՈՒՄԸ |
|
Արդյոք
ես պատրաստ եմ մայր լինել? Եվ ինչպիսի զգացում է դա?
Նման
հարցով ինքն իրեն դիմում է մայրության նախապատրաստվող գրեթե
յուրաքանչյուր կին, հատկապես` հղիության վերջին ամիսների ընթացքում: Դա
բնական է: Բազում բացատրություններ կան, թե ինչու են կնոջ մոտ ծագում
առաջին հայացքից տարօրինակ թվացող այս հարցերն ու հակասական
զգացմունքները: Նախ և առաջ, հղիության ընթացքում կնոջ
օրգանիզմում տեղի են ունենում շեշտակի հորմոնալ փոփոխություններ, որոնք
պայմանավորում են ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև հոգեբանական տեղաշարժեր:
Կնոջ օրգանիզմը որոշակի բնական ծրագրով նախապատրաստվում է մայրությանը
և այդպիսով ազդակներ ուղարկում կնոջը` սպասվող մայր լինելու դերին նրան
լիովին նախապատրաստելու համար: Երկրորդ, ծննդաբերության օրեցօր
մոտենալուն զուգընթաց դուք զգում եք, որ ձեր տանը շուտով կհայտնվի ևս
մի անձ, և ձեր կյանքը շրջադարձային փոփոխության կենթարկվի: Դա
գիտակցելն ու առավելագույնս դրան պատրաստ լինելը շատ կարևոր է:
Կատարյալ կլիներ, եթե դուք այդ մասին մտածեիք դեռ մինչև բեղմնավորումը,
երբ դեռ նոր էիք ամուսնու հետ պլանավորում բալիկ ունենալ: Սակայն
նույնիսկ ծրագրված ու ցանկալի հղիության ժամանակ էլ առաջանում են
անինքնավստահության ու վախի զգացումներ, և դա նորմալ ու լիովին բնական
երևույթ է: Ընդհակառակն, տարօրինակ կլիներ նման ապրումների
բացակայությունը, քանի որ կինը պատրաստվում է նոր կենսական դերի:
Կարևորն այն է, որ նման մտքերը թույլ չտան, որպեսզի ձեր հոգեկան վիճակը
վերաճի դեպրեսիայի: Եթե նկատում եք այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են
վատ ինքնազգացողությունը, դատարկության զգացումը, քնի խանգարումը,
ախորժակի բացակայությունը կամ անդադար ուտելու ցանկությունը, ինչ-որ
բանով զբաղվելու ցանկության բացակայությունը, տրամադրության շեշտակի
փոփոխությունները, ապա անմիջապես պիտի քայլեր ձեռնարկեք ոչ
դեղորայքային թերապիայով բուժվելու ուղղությամբ: Հակառակ դեպքում ձեր
դեպրեսիան կարող է շատ տհաճ հետևանքների հանգեցնել, որոնք կապված
կլինեն երեխայի ու ձեր հանդեպ անուշադրության հետ: Շատ կարևոր է թույլ
չտալ, որ դա տեղի ունենա:
Յուրաքանչյուր կնոջ կյանքում մայրությունն ամենից կարևոր ու նշանակալի
փուլն է: Կնոջ մոտ մայրության զգացողություններ են առաջանում դեռևս վաղ
հասակում, երբ փոքրիկ աղջիկը տիկնիկին քնեցնում է մահճակալում,
հոգատարությամբ ծածկոցը գցում վրան, քնքուշ բառեր ասում, երգեր երգում,
ինչպես մայրն իր երեխային կաներ: Երեխա ունենալու կնոջ բնածին
ցանկությունը հանդիսանում է նրա սեքսուալության թաքնված նպատակն ու
ենթատեքստը: Գործնականում յուրաքանչյուր նորմալ կին իր համար կյանքի
ընկեր ընտրելիս թեքնածուներին առաջին հերթին գնահատում է որպես ապագա
հայրեր իր երեխաների համար, և դա նորմալ է, դա մեր մեջ բնության կողմից
դրված նույն մայրության զգացման դրսևորումն է: Եվ այսպես, մայրության
զգացումը կնոջը տրվում է նրա ծննդյան պահից, և տարբեր կանանց մոտ այն
տարբերվում է միայն ուժգնության աստիճանով ու հասուն տարիքում
դրսևորման ձևերով: Մայրությունը առաջին հերթին սեր է: Սեր, որը
զգում են շատ կանայք միայն իրենց ապագա երեխաների մասին մտածելիս անգամ,
սեր դեռևս չծնված էակների հանդեպ...
Որպես
կանոն, ընդունված է մայրության սկիզբը համարել այն ժամանակաշրջանը, երբ
երեխան լույս աշխարհ է գալիս ու սկսում ապրել որպես անկախ անձ:
Ծննդաբերության ժամանակ կնոջ օրգանիզմում տեղի են ունենում շատ մեծ
հոգեֆիզիոլոգիական տեղաշարժեր: Յուրաքանչյուր մոր կյանքում երեխայի
ծնունդը դառնում է ամենատպավորիչ ու վառ պահը: Մոր և պտղի
միասնականությունը դադարում է, տեղի են ունենում զգալի ֆիզիոլոգիական և
հոգեկան փոփոխություններ, որոնք կնոջը փոխակերպում են մոր` էականորեն
փոխելով ինչպես նրան, այնպես էլ նրա առողջական վիճակը: Սերտորեն
փոխկապված երկու էակների առաջին հպումները, հայացքների փոխանակումը
սկիզբ են դնում այն մեծ զգացմանը, որը միավորում է նրանց ողջ հետագա
կյանքի ընթացքում` կոչվելով մայրական սեր...
Սակայն
մայրությունն իսկական արվեստ է, որը պետք է սովորել: Նախկինում այն
սովորում էին դեռևս վաղ տարիքում, երբ աղջնակները հոգ էին տանում իրենց
փոքր քույրերի ու եղբայրների մասին նույն կերպ, ինչպես սովորում էին
հաց թխել ու կարկատել գուլպաները: Ներկայումս մայրության գիտելիքներն
ու փորձը գործնականորեն իրենք իրենց են առաջանում, կամ վերցվում են
գրքերից, ամսագրերից ու տեղեկատվության այլ աղբյուրներից: Երիտասարդ
մայրիկն աստիճանաբար փորձ ու ինքնավստահություն է ձեռք բերում: Մայրը,
որը վախենում էր գրկել իր նոր ծնված բալիկին, հետո սկսում է գրկել նրան
մի ձեռքով` մյուսը գործածելով իր առօրյա գործերն անելու նպատակով: Նա
հեշտությամբ կարողանում է չափել վիտամինի կաթիլները, լողացնել իր
փոքրիկին ու հագցնել նրան` առանց որևէ մեկի կողմնակի օգնության:
Պետք չէ
վախենալ, որ այս մեծ զգացումը երբեք չի ծագի ձեր մեջ, կամ շատ ուշ
կձևավորվի: Կյանքում, ցավոք, բազմաթիվ տհաճ պահեր են լինում, ինչպես
օրինակ` երբ ծննդաբերությունն ընթանում է ոչ այնքան հեշտ, որքան
կցանկանայիք, կամ երբ առաջանում են այլ չնախատեսված բարդություններ,
որոնց արդյունքում մայրն իրեն խիստ հոգնած և ուժասպառ վիճակում է զգում:
Բայց դա չպետք է նշանակի, որ նա իրեն զոհաբերել է, ու նա չպետք է ինքն
իր հանդեպ խղճահարություն զգա: Միշտ պետք է հիշել, որ ծնվելիս երեխան
աննկարագրելի դժվարությունների միջով է անցնում, երբ հաղթահարում է իր
կյանքի առաջին դարպասները` մոր օրգանները: Նա ժամանակավորապես զրկվում
է թթվածնից ու սննդանյութերից, որոնք նախքան ծնվելը ստանում էր
ընկերքից: Նրան վախեցնում է հանկարծակի անցումը լրիվ նոր, չոր և սուր
լույսով հագեցած միջավայր, և նա նույնպես հոգեկան ապրումներ և ցնցում է
ունենում: Այդ իսկ պատճառով կարևոր է հասկանալ, որ դուք միայնակ չեք
ձեր տանջանքներում ու ապրումներում, դուք ուժեղ ու հասուն կին եք, իսկ
դեռ նոր ծնված մարդու համար իր ինքնուրույն կյանքի առաջին օրերն ավելի
դժվար ու ծանր են` առանց մայրական մարմնի հետ մերձության ծանոթ զգացման:
Մի փոքր ուշքի գալուց հետո անմիջապես ժամանակ գտեք որքան հնարավոր է
շուտ և երկար ձեր երեխայի հետ մենակ մնալու համար: Մի սպասեք, որ
ծննդաբերությունից հետո մի կամ մի քանի օրեր անցնեն: Խնդրեք, որ
երեխային բերեն ու ձեր փորին դնեն մերկ վիճակում, որպեսզի նրա բերանը
հպվի ձեր պտուկին: Շոյեք ու համբուրեք նրան: Նա ձեր երեխան է: Այս
ամենից հետո դուք անպայման կունենաք լիարժեք բավարարվածության ու
երջանկության զգացում:
Այս թեմայի
շուրջ ուզում եմ գիտնականների կողմից միջատների հանդեպ իրականացված մի
հետաքրքիր գիտափորձի մասին պատմել: Դիտարկումները ցույց են տվել, որ
մայրական սիրո զգացումը և փոքրիկի մասին հոգ տանելու ձգտումը կարելի է
փոխանցել ոչ հղի էգին` նրան հղի էգից ծննդաբերությունից մեկ օր առաջ
կամ հետո վեց օրվա ընթացքում վերցված արյուն ներարկելու միջոցով: Նման
գործողությունից հետո նա սկսում է իրեն պահել այնպես, ասես ինքն է կրել
ու ծնել փոքրիկին: Նա մեծ ուշադրությամբ հոգ է տանում իրեն տրամադրած
ձագուկի հանդեպ, մայրաբար ընդունում նրա վարքը: Մինչդեռ ծննդաբերած էգը
նման զգացումներ է սկսում դրսևորել միայն այն դեպքում, երբ նրան
անմիջապես ծննդաբերությունից հետո բերում են իր ձագին: Իսկ եթե նրանց
շփումը ծննդաբերությունից հետո շուտափույթ տեղի չի ունենում, ապա էգը
լրիվ կորցնում է հետաքրքրությունն իր սերնդի հանդեպ: Հետագայում նա
սկսում է ընկալել իր ձագին ազդակների միջոցով, որոնք չեն հասկացվում
նրա կողմից առանց մայրությամբ պայմանավորված բարձր զգայականության:
Արուն ևս ընդունակ է ընկալելու այդ ազդակները: Նման զգայականություն
կարելի է առաջ բերել ոչ հղի էգի մոտ նրան էստրոգեն սեռական հորմոնը
ներարկելու դեպքում: Մարդը բացառություն չէ: Վերը շարադրված բոլոր
դրույթները լիովին վերաբերվում են նաև նրան: Գիտնականները գրանցել են
նորածնից մորը փոխանցվող այնպիսի ազդակներ, որոնք լրիվ կոնկրետ
նշանակություններ ունեն, օրինակ` գոհունակություն, սով և այլն:
_________________________
Հեղինակ` Վ. Բելկինա
Աղբյուրը`
www.detskiy-mir.com |
|