HAYUHI: online magazine for armenian women HAYUHI: online magazine for armenian women
 

 
 

ՄԱՅՐ ԵՎ ՄԱՆԿԻԿ / 2009 ՀՈԿՏԵՄԲԵՐ

 
 

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ, ԹԵ ՏՈՒՆ? ՈՐՏԵՂ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ ՓՈՔՐԻԿ ՀԱՆՃԱՐԻ ՀԱՄԱՐ?


Այսօր նախադպրոցական մանկական հաստատությունները լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում և կարևոր դեր են խաղում հասարակության կյանքում: Ծնողներից շատերի համար դրանք  պարզապես անհրաժեշտություն են` ապահով տեղ, որտեղ կարելի է թողնել երեխային, քանի դեռ իրենք աշխատավայրում են: Իսկ իրապես, հետաքրքիր է իմանալ, որտեղ է ավելի ճիշտ զարգանում երեխան` տանը, թե մանկապարտեզում? Տեսնենք, թե ինչ կարծիքներ են հայտնում այս հարցի շուրջ մասնագետները:

Դասական մանկավարժի կարծիքը

Մանկապարտեզում երեխայի համար ավելի լավ է: Այնտեղ նա աճում և ձևավորվում է իր հասակակիցների կոլեկտիվում: Իսկ կոլեկտիվ դաստիարակությունը մի շարք նշանակալի առավելություններ ունի. մարդն ավելի արագ է դառնում «հասարակության անդամ», ճանաչում դրանում գործող օրենքները, ձեռք բերում «իր նմանների» հետ շփման հմտություններ, ձգտում հասնել մյուսներին` մրցակցության ընթացքում լիարշեք իրականացնելով իր հնարավորությունները:

Բացի այդ, մանկապարտեզում երեխայի զարգացումը նպատակաուղղված և սիստեմատիկ է: Մանկավարժներն աշխատում են ծրագրի համաձայն: Ծրագրերը տարբեր են, բայց դրանք բոլորն էլ նույն արդյունքին են տանում` դեպի անձի համակարգային, բազմակողմանի զարգացում:

Կարևոր է նաև այն, որ մանկապարտեզում երեխաների հետ մասնագետներ են աշխատում. նրանք ծանոթ են տարիքային առանձնահատկություններին, կարող են հաշվի առնել նաև անհատական դրսևորումները: Ոչ մի մայր չի կարող տալ երեխային այն, ինչ նա ստանում է մանկապարտեզում: Մասնագիտական ներազդեցությունը, հատուկ կազմակերպված զարգացնող միջավայրը և կոլեկտիվի ազդեցությունը գործոններ են, որոնք անհրաժեշտ են հանճարների բացահայտման համար:

Մանկավարժ-դայակի կարծիքը

Մինչև դպրոց գնալը երեխայի համար ավելի լավ է մեծանալ տանը: Շփման փորձ նա կարող է ձեռք բերել նաև ավելի մեծ տարիքում, երբ դպրոց կհաճախի: Մանկապարտեզն ուղղակի անվերջանալի վարժեցում է, ազատության և նախաձեռնության սահմանափակում, բոլոր երեխաներին միևնույն քանոնով չափելու փորձ: Տանը երեխան ազատ է պայմանականություններից, նրան չեն «կոտրում»` հարմարեցնելով ընդունված կարծրատիպերին: Տանը նա շրջապատված է ջերմությամբ և հոգատարությամբ, նա ինքնավստահ է, «պաշտպանված» անհաջող ընտանիքներից դուրս եկած հասակակիցների վնասակար ազդեցությունից: Ոչ ոք նրան չի ստիպում այս կամ այն գործով զբաղվել, ռեժիմը հարմարեցվում է նրա ներքին ռիթմին: Երբ ծնողները հնարավորություն չեն ունենում անձամբ զբաղվել իրենց երեխայով, նրանք միշտ էլ կարող են մասնագետ-դայակ վարձել: Հանճարները ծնվում են հենց տանը, որտեղ հնարավոր է ժամանակին բացահայտել երեխայի յուրահատուկ պահանջմունքներն ու ունակությունները:

Մանկավարժ-հոգեբանի կարծիքը

Մինչև 3 տարեկան երեխային բացարձակ և անտարակույս մայր է հարկավոր: Միջին և մեծ տարիքում հնարավոր են այլ տարբերակներ: Որոշ երեխաների համար ավելի լավ է մանկապարտեզում, մյուսների համար` տանը: Նախադպրոցական տարիքի երեխաների պահանջմունքները խիստ տարբերվում են: Երեխան պետք է ընտրության հնարավորություն ունենա: Պետք չէ նրան դիտել որպես «դաստիարակության օբյեկտ»: Թողեք, որ նա սուբյեկտ լինի: Եթե տեսնում եք, որ փոքրիկը կոլեկտիվի է ձգտում, ուզում է շփվել և բացվում է հենց կոլեկտիվում, ուրեմն նրան մանկապարտեզ տարեք: Երեխայի հետ տանը զբաղվել կարող են ծնողները, կամ էլ նրանք կարող են դայակ վարձել: Երբ որոշակիորեն ակնհայտ է, որ զարգացումը տեղի է ունենում և երեխայի պահանջմունքները բավարարվում են, ուրեմն ընտրված է ճիշտ տարբերակը: Հանճարները կարող են մեծանալ ամենուր` լինի դա մանկապարտեզում, թե տանը, կարևորն այն է, որ հաշվի առնվեն նրանց պահանջմունքները:

Թերապևտի կարծիքը

Երեխայի առողջության համար մանկապարտեզը մեծ փորձություն է: Նախադպրոցական հաստատությունում առաջին կես տարին ադապտացիայի շրջան է, երբ երեխաները հիվանդանում են օդակաթիլային ճանապարհով տարածվող հիվանդություններով ամիսը 1-2 անգամ`որպես նորմա: Կան բացարձակապես «ոչ մանկապարտեզային» երեխաներ, որոնց պետք է մեծացնել բացառապես տանը`ամրապնդելով իմունային համակարգը մինչև դպրոցական տարիքը և չտանջելով նրանց քրոնիկ հիվանդ վիճակում լինելու հանգամանքով: Մյուս կողմից, մանկապարտեզում, որպես կանոն, պահպանվում է քնի և սննդառության գրագետ ռեժիմը: «Տան երեխաներն» իրենց հասակակիցների համեմատ ավելի հաճախ են տառապում ճարպակալմամբ, դիաթեզով, գաստրիտով, դիսբակտերիոզով և ախորժակի բացակայությամբ: Միաժամանակ, մանկապարտեզում մասնագետների մշտական վերահսկողության ներքո ավելի վաղ հասակում են բացահայտվում ֆիզիկական զարգացման շեղումներն ու հնարավոր տարբեր հիվանդությունները, որոնք տանը ծնողները կարող են պարզապես չնկատել և անհրաժեշտ միջոցներ ձեռք չառնել:

Մանկավարժներն ու հոգեբանները համակարծիք են

Երեխային հարկավոր է. 1) դաստիարակել և 2) զարգացնել: Դաստիարակությունը ենթադրում է անձի ձևավորումը, որի արդյունքում երեխան դառնում է հասարակության անդամ, սովորում է իրեն պահել և շփվել այլ մարդկանց հետ: Զարգացումը երեխայի ուրույն ընդունակությունների բացահայտումն է ու նրա կրթումը: Հարկավոր է «առաջ մղել» և «խթանել» նրա ֆիզիկական և ինտելեկտուալ ցուցանիշները:

Այս ամենը կարելի է անել նպատակաուղղված կերպով` մասնագիտաբար կամ ոչ: Կարելի է նաև ամեն ինչ ինքնահոսի թողնել: Սակայն այս դեպքում արդյունքը հնարավոր չէ կանխատեսել: Չէ որ եթե մենք նպատակաուղղված կերպով չենք դաստիարակում և զարգացնում, ապա մեր փոխարեն դա անում են երեխային շրջապատող պայմանները:

Ուզում եք, որ երեխան «վայրենի» մեծանա? Ուրեմն այս հոդվածը ձեզ համար չէ: Արեք այնպես, ինչպես հարմար եք գտնում, իսկ փոքրիկից դուրս կգա այն, ինչ դուրս կգա:

Բոլոր մյուսներին խորհուրդ ենք տալիս ուշադրությամբ վերլուծել մասնագետների կարծիքները: Մի մոռացեք, որ յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է, ինչպես և յուրահատուկ են տարբեր ընտանիքների հնարավորությունները և տարբեր մանկապարտեզների միջավայրերը: Մի շտապեք որոշում կայացնել!

_________________________

Հեղինակ` Եկատերինա Դանիլովա

Աղբյուրը` www.harbor.ru

 
 

Թեման քննարկել ֆորումում

 

  ՄԵՆՅՈՒ

  Կնոջ առողջությունը
  Հմայքի գաղտնիքները
  Նորաձևության միտումները
  Օգտակար է իմանալ
  Աստղերի կյանքը
  Կին առեղծված
  Մայր և մանկիկ
  Փոքրիկներին
  Խոհանոց
  Հորոսկոպ
  Թեստ
  Մրցույթներ
  Ձեր հարցերի պատասխանները
  Ֆորում
  Հղումներ
  Արխիվ
  Հետադարձ կապ
 

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ

ԳՐԵՔ ՄԵԶ

 

Ամսագրում զետեղված հոդվածների և նյութերի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ:

 

Copyright © HAYUHI, 2006-2008

Designed by: AniArtDesign