HAYUHI: online magazine for armenian women HAYUHI: online magazine for armenian women
 

 
 

ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ / ԴԵԿՏԵՄԲԵՐ 2008

 
 

ՏՈՆԱԿԱՆ ԱՐԾԱԹԱՓԱՅԼՈՒԹՅՈՒՆ


Այլ հոգսերից բացի դեկտեմբերի 31-ին, այսինքն` շատ շուտով, մենք պետք է լրջորեն մտածենք, թե ինչ ենք կրելու Նոր Տարին դիմավորելիս: Խոսքը, ի դեպ, երեկոյան զգեստի մասին չէ. բնական է, որ այդ ժամանակ այն արդեն ընտրված ու կարգի բերված կլինի: Բայց չէ որ ոչ պակաս կարևոր են կերպարն ամբողջացնող մյուս տարրերը` սանրվածքն ու շպարը:

Տոներից մի քանի օր առաջ իսկը ժամանակն է մազերի գույնը թարմացնելու, դրանց նոր, արդեն ընտրված հագուստին առավել համահունչ երանգ հաղորդելու կամ էլ նախկին գույնը ռադիկալ փոխելու համար: Եթե պատրաստվում եք փորձեր կատարել, ապա ավելի լավ կլինի երանգային ներկեր ընտրեք, որոնց գույնը 6-7 անգամ մազերը լվանալուց հետո, այսինքն` ճիշտ այն ժամանակ, երբ տոներն ավարտվում են ու վերսկսվում է գործնական առօրյան, անցնում է:

Կարճ մազերը տոնականորեն հարդարելու համար բավարար է դրանք սանրել ու ցողել փայլեր պարունակող լաքով, ինչի արդյունքում ձեր մազերն իսկական տիեզերական տեսք կստանան: Իսկ եթե ձեզ ավելի հոգեհարազատ է տիկնիկի նորաձև ռետրո-ոճը, ապա ձեր մազերը փաթաթեք մանր բիգուդիներով ու ականջների մոտ դրանք ամրացրեք գեղեցիկ, տոնական մազակալներով:

Եթե դեռ տոնակատարության կեսին եք հասել, իսկ ձեր սանրվածքի արդեն հետքն էլ չի մնացել, ապա գլուխը կախեք դեպի առաջ, մազերին փչեք թույլ ֆիքսացիա ապահովող լաք, գլուխը թափահարեք, մատներով մի լավ խառնշտեք մազերը, ապա գլուխը ետ գցեք ու սանրով թեթևակի հարթեցրեք մազերի միայն վերին շերտը: Ձեր մազերը կրկին գեղեցիկ ու փարթամ տեսք կստանան:

Երկար կամ միջին երկարության մազերից կայուն և ձիգ գանգուրներ ստանալու համար հարկավոր է դրանք տոնակատարությունից ընդամենը մի քանի ժամ առաջ փաթաթել բիգուդիներով` նախապես թրջելով ֆիքսացիա ապահովող որևէ լուծույթով: Բիգուդիներով փաթաթված վիճակում մազերը տաքացրեք վարսահարդարով և ոչ մի դեպքում մի հանեք բիգուդիները, մինչև մազերն ամբողջությամբ չչորանան: Ի նկատի ունեցեք, որ երկար մազերի դեպքում այս ամենի համար կպահանջվի առնվազն 1,5-2 ժամ:

Երբ մազերն արդեն լրիվ չոր կլինեն, բիգուդիները հանեք, մազերը սանրեք մատներով` դրանց փարթամություն հաղորդելու համար, ու գանգուրները ֆիքսեք լաքի միջոցով: Այս դասական, կատարման մեջ դյուրին, բայց բավականաչափ տոնական սանրվածքն առանձնանում է մի կարևոր առավելությամբ` այն ձեզ բոլորովին երիտասարդ տեսք է հաղորդում: Եվ դուք հատկապես գեղեցիկ կլինեք, եթե սրահը լուսավորված լինի մոմերով:

Եթե դու նախընտրում եք գանգուրներ ստանալ կլոր սանրի ու վարսահարդարի օգնությամբ, ապա մի հարդարեք մազերը խոնավ վիճակում: Սկզբում ինչպես հարկն է չորացրեք մազերը սրբիչով, իսկ հետո` վարսահարդարով` ամենաթույլ արագությամբ: Միայն այն ժամանակ, երբ մազերն արդեն գրեթե չոր կլինեն, կարող եք դրանց քսել հարդարող միջոցն ու սկսել գանգուրների ստացումը կլոր սանրի ու վարսահարդարի միջոցով:

Սանրվածքի կայունությունն ապահովելու համար գործածեք ուժեղ ֆիքսացիայի լաք: Կարող եք մի փոքր էլ փայլերով լաք փչել մազերին` դրանց առավել տոնական տեսք հաղորդելու համար: Միայն հիշեք, որ հատկապես փայլերով լաքի գործածման ժամանակ հարկ է դեմքը ծածկել անձեռոցիկով, որպեսզի այն ևս չպատվի լաքի շերտով:

Սանրվածքն առավել տոնական կարող են դարձնել նաև գեղեցիկ մազակալները, ծաղիկները, փոքրիկ տոնածառի խաղալիքները և նույնիսկ մրգերը: Իսկ հագուստի բաց երանգավորման դեպքում շատ գեղեցիկ կդիտվեն արհեստական մարգարիտները` հատկապես մուգ և հյութալի երանգ ունեցող մազերի մեջ:

Ամանորյա շպարի երանգներն ընտրեք այնպես, որ դրանք ներդաշնակեն ձեր մաշկի և մազերի գույնին: Հաշվի առեք նաև երեկոյան զգեստի գունային գամման և, ի վերջո, երեկոյան լուսավորության առանձնահատկությունները. Որպեսզի դեմքը դժգույն չթվա, ընտրեք ավելի հագեցած երանգներ, քան ցերեկային շպարման երանգներն են: Եվ որպեսզի ձեր դեմքը թարմ տեսք ունենա, չարժե շպարվել ավելի շուտ, քան տոնակատարությունից 2-3 ժամ առաջ: Ի դեպ, հիշեք, որ այս սեզոնին նորաձև են պոեզիան ու ռոմանտիզմը:

Աստղագետներն ու վիզաժիստները խորհուրդ են տալիս Նոր Տարին դիմավորել արծաթագույն երանգներով յուրօրինակ շպարով: Վերին կոպերը կարող եք առատորեն ծածկել փայլեր պարունակող արծաթագույն ստվերաներկով, և դուք հիրավի կախարդական տեսք կունենաք: Աչքերի խորությունը հիանալի կերպով կընդգծի արծաթավուն մատիտը, իսկ թափանցիկությունն ու փայլատակումը կապահովի այս սեզոնին խիստ նորաձև բաց վարդագույն սնգույրը:

Աշխատեք, որ շպարը հասարակ լինի և սովորականից տարբերվի միմիայն մի առանցքային դետալով: Ի դեպ, կարող եք Ամանորի տոնակատարությանը ներկայանալ աչքերի վրա շեշտադրված շպարով, որը ևս շատ նորաձև է այս սեզոնին: Այս միտումը պահանջում է, որ շուրթերը միայն մի թեթև ներկված լինեն շրթներկով, և ոչ մի հստակ եզրագիծ! Էլ ավելի լավ կլինի, եթե գործածեք միայն շուրթերի համար նախատեսված թեթև վարդագույն փայլ: Դա շատ տեղին կլինի կերուխումով զուգորդվող տոնակատարության ժամանակ:

Ի վերջո, մանիկյուրի գույնը պետք է լրիվ համընկնի կամ շրթներկի, կամ էլ զգեստի գույնի հետ: Ի դեպ, իմացեք, որ եթե մանիկյուրը քսեք եղունգի միջին մասով` չծածկելով կողմնային հատվածները, ապա եղունգներն ավելի բարակ ու նուրբ կթվան: Եղունգներին հատուկ տոնականություն հաղորդելու համար կարող եք նորաձև ապլիկացիաներ կիրառել: Իսկ եթե կարողանում եք բարակ վրձինի միջոցով նկարել եղունգների վրա, ապա փորձեք դրանք պատել ձյունի փաթիլներով կամ էլ ապակիների վրա ցրտից առաջացող նախշեր հիշեցնող պատկերներով: Վերջին հաշվով, եթե ձեզ համար իրապես գրավիչ է արծաթափայլության այս նորաձև միտումը, ապա կարող եք ֆրանսիական մանիկյուր անել` ներկելով եղունգները մարմնագույն կամ սպիտակ մանիկյուրով, ապա եզրերն ընդգծելով արծաթագույն երանգով:

_____________________________

Հեղինակ` Լադա Շիգանցովա

Աղբյուրը` www.ny.passion.ru

 
 

Թեման քննարկել ֆորումում

 

  ՄԵՆՅՈՒ

  Կնոջ առողջությունը
  Հմայքի գաղտնիքները
  Նորաձևության միտումները
  Օգտակար է իմանալ
  Աստղերի կյանքը
  Կին առեղծված
  Մայր և մանկիկ
  Փոքրիկներին
  Խոհանոց
  Հորոսկոպ
  Թեստ
  Մրցույթներ
  Ձեր հարցերի պատասխանները
  Ֆորում
  Հղումներ
  Արխիվ
  Հետադարձ կապ
 

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ

ԳՐԵՔ ՄԵԶ

 

Ամսագրում զետեղված հոդվածների և նյութերի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ:

 

Copyright © HAYUHI, 2006-2008

Designed by: AniArtDesign