|
«ԿԱՐՏՈՖԻԼԱՅԻՆ»
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ ՄԵՐ ՄԱԶԵՐԻ, ՁԵՌՔԵՐԻ ԵՎ ՈՏՔԵՐԻ ՀԱՄԱՐ |
|
Թե
որքան համեղ է կարտոֆիլը, բոլորս էլ գիտենք: Այն մեր սեղանին հայտնվում
է եթե ոչ ամեն օր, ապա գոնե շատ հաճախակի: Ու երևի միակ սննդամթերքն է,
որը գոհացնում է ընտանիքի բոլոր անդամներին:
Սակայն
կարտոֆիլը հումք է ոչ միայն համեղ ուտեստների համար: Այն կարելի է
կիրառել նաև որպես կոսմետիկ միջոց տնային պայմաններում:
Կարտոֆիլով
բաղադրատոմսերը կօգնեն բարելավել և ձեր մաշկի, և մազերի վիճակը,
կխնամեն ձեր ձեռքերն ու ոտքերը:
Գաղտնիք չէ, որ գեղեցիկ մազերը յուրաքանչյուր
կնոջ հպարտությունն են: Վաղուց ի վեր ուժեղ սեռի
ներկայացուցիչները հիանում են մեր երկար, հարթ մազերով: Շատերը կարծում
են, որ առողջ և ուժեղ մազեր ունենալու համար անպայման հարկավոր է
օգտագործել խանութից գնած թանկարժեք գեղարարական միջոցներ: Իրականում
ամենևին էլ այդպես չէ: Կան հազար ու մի ժողովրդական միջոցներ, որոնք
կօգնեն ձեզ խնամել ձեր վարսերը: Եվ դրանց շարքում իրենց տեղն ունեն
կարտոֆիլով բաղադրատոմսերը, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ձեզ:
Միջոց
1. Դիմակ յուղոտ մազերի համար
Վերցրեք մի
քանի հատ միջին մեծության կարտոֆիլ, լվացեք դրանք հոսող ջրի տակ, ապա
կեղևը մաքրեք ու անցկացրեք քերիչով: Զանգվածը լցրեք երկտակ ծալված
թանզիվե կտորի վրա և կարտոֆիլի ողջ հյութը քամեք:
Ստացված
հյութից վերցրեք 6 ճաշի գդալ, ավելացրեք
1 բաժակ մածուն և լավ խառնեք:
Ընդ որում, որքան ավելի յուղոտ են ձեր մազերը, այնքան ավելի թթվաշ պետք
է լինի մածունը:
Դիմակը խնամքով քսեք մազարմատներին, իսկ մնացած մասը
տարածեք մազերի ողջ երկայնքով: Հագեք պոլիէթիլենե գլխարկ, վրայից խավոտ
սրբիչ փաթաթեք ու սպասեք 30
րոպե, որից հետո դիմակը հարկավոր է լվանալ տաք ջրով և
յուղոտ մազերի համար նախատեսված օճառահեղուկով:
Միջոց
2. Դիմակ չոր մազերի
համար
Վերցրեք
3 հատ միջին մեծության կարտոֆիլ
և վերը նկարագրած ձևով քամեք դրանց հյութը:
Ստացված հյութին ավելացրեք 1
ձվի դեղնուց և 1
թեյի գդալ հեղուկ մեղր: Զանգվածը լավ խառնեք:
Դիմակը հարկավոր է քսել նախապես լվացած
և դեռևս թեթևակի խոնավ մազերին` մատների մերսող շարժումներով
նպաստելով, որ այն արագ ներծծվի գլխամաշկի մեջ:
Այս դեպքում ևս դիմակը մազերի վրա պետք է թողնել
30 րոպե, սակայն լվանալ
հարկավոր է առանց օճառահեղուկի: Ընդ որում, լվանալուց հետո խորհուրդ չի
տրվում վարսահարդարիչ օգտագործել: Նախընտրելի է, որպեսզի մազերը բնական
ճանապարհով չորանան:
Նման միջոցառումից հետո ձեր մազերը
հարթ, գեղեցիկ, փայլուն տեսք կունենան:
Մազերից ոչ
պակաս կարևոր են նաև կնոջ ձեռքերը: Դրանք պետք է միշտ
խնամված և կոկիկ տեսք ունենան: Ձեռքերը, եթե դրանք խնամված չեն, ոչ
միայն կմատնեն ձեր իրական տարիքը, այլև ավելին` թույլ կտան մտածել, թե
դուք ավելի մեծ եք, քան իրականում կաք: Եվ հիշեք, որ ձեռքերը մարմնի
այն հազվագյուտ մասերից մեկն են, որոնք հնարավոր չէ ենթարկել
ժամանակակից ձգող և երիտասարդացնող միջոցների ազդեցությանը: Հենց այդ
պատճառով էլ կարևոր է վաղ սկսել հոգ տանել ձեռքերի մասին:
Միջոց
1. Դիմակ ձեռքերի համար
Վերցրեք միջին
մեծության 2 կարտոֆիլ,
կեղևով խաշեք, ապա տրորեք 2
թեյի գդալ վարունգի կամ կիտրոնի հյութի հետ:
Զանգվածը հարկավոր է նախքան սառչելը հաստ շերտով քսել
ձեռքերի վրա և ծածկել թանզիվե կտորով: 15-20
րոպե հետո դիմակը կարող եք ջրով լվանալ:
Վերջում հարկավոր է ձեռքերին սնուցող քսուք քսել ու թեթևակի մերսել:
Միջոց
2. Լոգանք
կոշտացած ձեռքերի համար
Բոլորս էլ գիտենք, թե ինչ ազդեցություն
են ունենում սառը քամին ու ցուրտը մեր ձեռքերի նուրբ մաշկի վրա: Այն
սկսում է թեփոտել, կոշտանում է, կարմրում: Հաշտվել նման վիճակի հետ
պետք չէ: Ավելի լավ է կարտոֆիլով կոնտրաստային լոգանքներ անել:
Գործընթացը շատ հեշտ է: 10-15
րոպե շարունակ հարկավոր է ձեռքերը մտցնել խաշած
կարտոֆիլի դեռևս տաք ջրի մեջ, ապա հանել ու մտցնել սառը ջրի մեջ, ու
այսպես մի քանի անգամ: Արդեն առաջին նման միջոցառումից հետո ձեռքերի
մաշկի վիճակը նկատելիորեն կբարելավվի: Սակայն հարկ եղած դեպքում
գործընթացը կարելի է կրկնել օրը մի քանի անգամ, մի քանի օր շարունակ:
Ինչ
վերաբերում է մեր ոտքերին, ապա դրանք անընդմեջ «տանջվում
են» անհարմար կոշիկների մեջ` կրելով սինթետիկ նյութերի բոլոր կործանիչ
ազդեցությունները: Դրան գումարվում են նաև ոտքերի ամենօրյա անխուսափելի
ծանրաբեռնվածությունն ու հոգնածությունը, և, խնդրեմ, արդյունքն ամենևին
հուսադրող չէ:
Սակայն վհատվելու կարիք չկա: Կան
այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտան, չնայած այս ամենին, հոգալ մեր
ոտքերի մասին, պահպանել դրանց գեղեցկությունն ու առողջությունը:
Միջոց
1.
Ոտքերի հոգնածության և լարվածության դեմ
Եթե ձեր ոտքերը հոգնածությունից
ծանրացել են, իսկ դրանց արտաքին տեսքը, ասենք այսպես, այնքան էլ
գոհացուցիչ չէ, ապա դիմեք հետևյալ միջոցին:
Կարտոֆիլը լավ լվացեք, կեղևը մաքրեք ու հենց մաքրած
կեղևը խաշեք ջրում: Հենց որ դրանք եփվեն, եփուկը փոքր-ինչ հովացրեք,
ապա առանց քամելու լցրեք թասի մեջ ու ոտքերը դրեք մեջը:
10-15 րոպե հետո ոտքերը
եփուկից հանեք, չորացրեք փափուկ սրբիչով, քսեք ոտքերի համար նախատեսված
քսուք և յուրաքանչյուր կրունկը մի քանի րոպե մերսեք: Այս ամենից հետո
պառկեք մի քանի րոպե և ոտքերը դրեք այնպես, որ դրանք սրտի մակարդակից
բարձր լինեն: Կարող եք հենել պատին, կամ տակը բարձ դնել: Դա թույլ կտա
խուսափել այտուցներից:
Միջոց
2.
Կրունկների կոշտության դեմ
Գետնի վրա կտոր փռեք, վրան լցրեք մի քանի հատ հենց նոր
եփած և տրորած կարտոֆիլ, ոտքերը դրեք վրան և կտորի ծայրերը վրա բերեք
կրունկների մոտ: Թողեք, որ կոմպրեսը մնա կրունկների վրա
15-20
րոպե, ապա հանեք և ոտքերը լվացեք տաք ջրով:
Այս միջոցը կօգնի ազատվել կրունկների
կոշտությունից, մաշկը կդարձնի փափուկ և հարթ:
ՀԱՅՈՒՀՈՒ հաջորդ համարում մենք կշարունակենք խոսել կարտոֆիլի
մասին` ձեզ ներկայացնելով դրա կիրառությունները դեմքի մաշկի խնամքի
պարագայում:
____________________
Աղբյուրը`
www.gen.su |