| |
|
ՄԱԴԱՄ ԿԱՐԲՈՆՅԵԻ
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐԸ |
|
«Ֆրանսիացիներն
ասում են` ամեն կին յուրովի գեղեցիկ է»,- գրում է «Լ'Օրեալ»
համաշխարհային գեղարարական ընկերության պրեզիդենտ
Մարգարիտա Կարբոնյեն: Ըստ նրա, հնարավոր է պահպանել գրավչությունը նաև
առանց գեղարարական միջոցների օգնության: Կարևորը կնոջ ընդհանուր
ինքնազգացողությունն է, առողջ կենսակերպը, ճիշտ սնուցումը:
Ահա մի
քանիսը մադամ Կարբոնյեի յուրօրինակ բաղադրատոմսերից.
- Նախ և
առաջ, փորձեք խուսափել քաղցր, յուղոտ, կծու սննդից, զանազան
համեմունքներից:
- Ձեր
սննդակարգում ներառեք այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են A, B, C
վիտամիններ, քանզի դրանք շատ կարևոր դեր են խաղում մաշկի և
մաշկագեղձերի գործառույթների կարգավորման, պիգմենտավորման և մազերի աճի
հարցում: Հատկապես շատ գործածեք մրգային հյութեր, գազար, խնձոր, դդում,
բուսական յուղ, կաղամբ, կիտրոն:
- Կանացի
գեղեցկության մեծագույն թշնամիներից մեկը ծխելն է: Մաշկի վրա բացասաբար
կարող է ազդել նույնիսկ գտնվելը այնպիսի սենյակում, որտեղ ծխախոտ է
օգտագործվել: Շատ հաճախ ծխելը պատճառ է դառնում մաշկի ավելորդ
ճարպոտության, սև կետերի ու կորյակների առաջացման, իսկ երբեմն էլ
նկատվում է հակառակը` մաշկի խիստ չորություն և կնճիռներ:
- Մաշկի
չորությունից այսօր շատ կանայք են բողոքում: Այն կարելի է վերացնել
խոնավացնող քսուքների միջոցով, սակայն գոյություն ունեն նաև այլ
մեթոդներ, օրինակ` օրվա ընթացքում մինչև 1,5 լիտր հեղուկների
գործածումը: Օգտակար է անձրևի ժամանակ կամ դրանից հետո զբոսնելը, իսկ
ձմռանը` ձյան ներքո: Լվացվելիս պետք չէ դեմքը լիարժեք չորացնել, այլ
միայն թեթևակի հպել սրբիչով: Քսուքը դեմքին քսեք սառը ջրով թրջված
տամպոնով:
- Մաշկի
վիճակը և դեմքի գույնը մեծապես կախված են այն բանից, թե որքան եք դուք
քնում կամ լինում մաքուր օդում: Դա հավասարապես ազդում է նաև մազերի
վիճակի վրա:
- Անկախ
այն բանից` ձեր մազերը չոր են, թե ճարպոտ, գլխամաշկի մերսումը դրանց
համար օգտակար կլինի: Այն բարերար ազդեցություն է ունենում արյան
շրջանառության վրա, կարգավորում է քրտնագեղձերի և ճարպագեղձերի
աշխատանքը, արագացնում մազերի աճը: Մերսում կարելի է կատարել նաև
մատներով, սակայն նախընտրելի է դրա համար հատուկ խոզանակ գործածել:
Ամեն գիշեր սանրվելիս աշխատեք գոնե 5 րոպե մերսել գլխամաշկը: Այս
պրոցեդուրայի արդյունքում, ի դեպ, մազերը կդառնան ավելի ճկուն և
փայլուն:
- Աչքերի
վիճակի վրա բացասական ազդեցություն են ունենում քամին, փոշին, պայծառ
նեոնային լույսը, ծխախոտի ծուխը: Շենքի ներսում մուգ ակնոց կրել պետք
չէ, դրանք անհրաժեշտ են միայն խիստ պայծառ արևի դեպքում:
- Օգտակար
է ունքերը սանրել հատուկ խոզանակով` նախ դեպի քիթը, ապա` հակառակ
ուղղությամբ: Դա կօգնի պահպանել վերջիններիս փայլուն տեսքը, կխթանի
մազերի աճը:
- Ունքերի
ձևը շտկելու համար ավելորդ մազերի հեռացումը հարկավոր է անել ունելիով,
շատ զգուշորեն, մաշկը ձգած վիճակում:
-
Նորաձևության հետևից ընկնելով չպետք է մոռանալ, որ ունքերի ձևից է
կախված նաև մարդու հայացքը, դեմքի արտահայտությունը: Օրինակ, երկար
աղեղնաձև ունքերը դեմքն ավելի խիստ ու
հասուն են դարձնում, իսկ կարճ
ունքերը, ընդհակառակն, երիտասարդացնում են այն: Բարձրադիր բարակ
ունքերը դեմքին անբնական զարմանքի արտահայտություն կհաղորդեն, իսկ
ցածրադիր և լայն ունքերը` զայրացած:
- Պետք է
միշտ հիշել, որ ժամանակակից գեղարարական միջոցների նպատակը մեկն է`
ընդգծել կնոջ բնական գրավչությունը: Այդ պատճառով լավ է ընտրել մեղմ
երանգներ ունեցող սնգույր, ստվերաներկեր, քսուքներ: Ահա թե ինչպիսի
հաջորդականությամբ է պետք գործածել գեղարարական միջոցները.
-
Սկզբում ճակատի, քթի և կզակի վրա կետերով հպեք տոնային քսուքը, ապա
մատների ծայրերով այն հավասարաչափ տարածեք դեմքի մաշկի վրա:
-
Աչքերի
ներքո առաջացած մուգ շրջանակների կամ մաշկի ցանկացած այլ արատների
քողարկման նպատակով կարող եք գործածել հատուկ քողարկող տոնային
քսուք կամ մատիտ:
-
Այնուհետև կարելի է դեմքը պատել դիմափոշիով, որը պետք է ունենա
միևնույն երանգը:
-
Որպեսզի աչքերն ավելի մեծ երևան, կարելի է մատիտով երիզել վերին
կոպի հիմնային մասը` թարթիչներին հնարավորին չափ մոտ:
-
Վառ և
մուգ ստվերաներկերը գործածվում են, որպես կանոն, երեկոների ժամանակ:
Դրանք հարկավոր է քսել վերին կոպի վրա, ինչպես նաև` ստորին
թարթիչների շրջանում:
-
Ունքերին ավելի մոտ մասում հարկավոր է ավելի բաց երանգներ ունեցող
ստվերաներկեր քսել: Ընդ որում, տարբեր ստվերաներկերը հարկավոր է
տարածել այնպես, որ դրանց հաջորդումը մեկը մյուսին հնարավորինս
սահուն և աննկատ լինի:
-
Ցերեկները սովորաբար գործածվում են բաց ստվերաներկեր` մարմնագույն
կամ վարդագույն:
-
Թարթիչները սևաներկով պատելիս ավելի լավ է դա անել կրկնակի անգամ,
երեկոյան կարելի է քսել նույնիսկ երրորդ շերտը:
-
Յուրաքանչյուր շերտը քսելուց առաջ հարկավոր է սպասել, որ նախորդը
չորանա, ապա խոզանակով թարթիչները սանրել:
-
Ունքերը պետք է ներկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այն էլ`
շատ թույլ, միմիայն բնական գույնն ընդգծելու համար: Այդ նպատակով
գոյություն ունեն հատուկ կոնտուրային մատիտներ:
-
Ունքերը ներկելուց հետո դրանք հարկավոր է զգուշորեն սանրել:
-
Անցնենք սնգույրին: Եթե ձեր մաշկը ճարպոտ է, ավելի լավ է ընտրել
դիմափոշի-սնգույր, իսկ եթե նորմալ է կամ չոր, ապա` քսուք-սնգույր:
-
Սնգույրի միջոցով հնարավոր է շտկել դեմքի եզրագիծը. այն մասերը,
որոնք ուզում եք քողարկել, ներկեք ավելի մուգ երանգ ունեցող
սնգույրով, իսկ այն մասերը, որոնք պետք է արտահայտվեն` ավելի բաց:
-
Սնգույրը, որպես կանոն, պետք է քսել դեմքի այն հատվածներին, որոնք
լավ ինքնազգացողության դեպքում բնականորեն թեթևակի շիկնում են:
-
Շուրթերը ներկելուց առաջ հարկավոր է դրանց անհրաժեշտ ձև հաղորդել
հատուկ մատիտի օգնությամբ: Ընդ որում, անպայման չէ մատիտը քսել
շուրթերի բնական եզրագծով:
-
Շրթներկը հարկավոր է քսել շուրթերի կենտրոնից դեպի անկյունները:
-
Երեկոյան շրթներկի վրայից կարելի է փայլ քսել: Այն, ի դեպ, կարելի
է գործածել նաև առանց շրթներկի:
_____________________________
Աղբյուրը`
www.homejungle.km.ru |
|